Լրահոս

21.01.2010 10:14


Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու

Տարածաշրջան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասյեն և Յուրի Մերզլյակովը Երևանում իրենց այցն ավարտելուց հետո արդեն գտնվում են Բաքվում։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սպասվում է, որ այսօր նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Նրանց այցի նպատակը  ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը նախապատրաստելն է։

Համանախագահները հրաժարվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելուց։

Բեռնար Ֆասյեի խոսքերով՝ նրանք այսօր ոչինչ չեն հրապարակի. «Մենք մամլո հաղորդագրություն կպատրաստենք մեր հանդիպման արդյունքների վերաբերյալ և կտեղադրենք մեր կայքում»,-հավելել է ֆրանսիացի համանախագահը։

Համանախագահները նաև հրաժարվել են պատասխանել հարցին, որը վերաբերել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունվարի 25-ին Սոչիում կայնալիք հանդիպման ձևաչափին։

Այս խորագրի վերջին նյութերը