Աշխարհ

23.06.2017 15:55


Թուրքիայում ընթերցողների 60 տոկոսը չի վստահում զանգվածային լրատվամիջոցներին

Թուրքիայում ընթերցողների 60 տոկոսը չի վստահում զանգվածային լրատվամիջոցներին

Օքսֆորդի համալսարանի Ռոյթերս ինստիտուտը հրապարակել է էլեկտրոնային լրատվամիջոցների վերաբերյալ իր 6-րդ ամենամյա զեկույցը: Թուրքական ընդդիմադիր «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիայում լրահոսին հետևողներին 60 տոկոսը արդեն չի վստահում զանգվածային լրատվամիջոցներին: Այս տեսակետից Թուրքիան 36 երկրների ցանկում 23-րդ տեղն է գրավել:

Զեկույցում նշվել է, որ Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցների մեծ մասը գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Միևնույն ժամանակ, ընթերցողները ավելի հաճախ նախապատվություն են տալիս համացանցում և սոցցանցերում տարածվող լրատվությանը:

Այս տարի Թուրքիայում 9 տոկոսով նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր համարում են, թե լրատվական դաշտը զերծ է քաղաքականության ազդեցությունից: Նման կարծիք ունի ընթերցողների 20 տոկոսը: Իսկ ընթերցողների 23 տոկոսը կարծում է, թե թուրքական լրատվամիջոցները զերծ են բիզնեսի ազդեցությունից: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 4 տոկոսով:

Ռոյթերս ինստիտուտի զեկույցի համաձայն՝ ողջ աշխարհում մարդկանց 54 տոկոսը լրատվություն ստանալու համար օգտագործում է սոցիալական ցանցերը: Կատարված ուսումնասիրությանը մասնակցած 36 երկրների ավելի քան 70.000 ընթերցողների 33 տոկոսը նշել է, որ չի վստահում լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը:

Հարցվածների 24 տոկոսը նշել է, որ սոցիալական ցանցերը այն դաշտն են, որի շնորհիվ հնարավոր է ստացած լրատվության մեջ զանազանել իրականությունն ու մտացածին փաստերը:

Ըստ ուսումնասիրության արդյունքների՝ զանգվածային լրատվամիջոցներին ամենից շատ վստահում են ամերիկացիներն ու անգլիացիները, իսկ Հունաստանը միակ երկիրն է, որտեղ սոցիալական ցանցերի նկատմամբ վստահությունն ավելի մեծ է, քան զանգվածային լրատվամիջոցների:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը