Լրահոս

21.01.2010 18:07


ՀՀ ԱԺ նախագահը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործընթացը

Հունվարի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերություններն  առանց նախապայմանների կանոնակարգելու գործընթացն էր: Հայաստանի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ Թուրքիան հավատարիմ կմնա 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների տառին և ոգուն: Այդ համատեքստում Հ. Աբրահամյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին պատմել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ իր հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերի 23-ին Մոսկվայում Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում:

Պ. Սեմնեբիի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացը, որն ընթանում է համաձայն սահմանված կարգի և առանց անհարկի ձգձգումների: Հ. Աբրահամյանն ընդգծել է, որ թուրքական կողմը պետք է հետամուտ լինի արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանը՝  ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված քայլերից: Նա նշել է, որ հակառակ պարագայում հայկական կողմը պատրաստ է ձեռնարկել համապատասխան համարժեք քայլեր:

 

Այս խորագրի վերջին նյութերը