Լրահոս

22.01.2010 09:10


«Հզոր հայրենիք» կուսակցության հայտարարությունը

Բոլորովին վերջերս տարածվեց «Ջավախք» հայրենակցական-բարեգործական միության, «Երկիր» միության, «Միտք» վերլուծական կենտրոնի, «Վիրք» կուսակցության և «Ջավախք» ժողովրդական շարժման համատեղ հայտարարությունը ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի ստեղծման մասին, որում հստակորեն ներկայացված են Ջավախքի և ջավախքահայության առջև ծառացած հիմնախնդիրների ամփոփ նկարագիրը և մատնանշված են դրանց լուծման ուղղությունները: Խորհուրդը իր առջև նպատակ է դրել հետևողականորեն հետապնդել ջավախքահայության առջև ծառացած քաղաքական, լեզվական, կրոնական, կրթական, մշակութային և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել ջավախքահայության և վրացահայության իրավունքների պաշտպանության խնդիրը, համայն հայությանը մասնակից դարձնել ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարին և կոչ է անում երկխոսության ու հանդուրժողականության մթնոլորտում լուծում տալ ջավախքահայության հուզող խնդիրներին:

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Ջավախքի հիմնախնդիրների լուծումը բխում է ոչ միայն ջավախքահայության, այլ նաև Հայաստանի ու համայն հայության շահերից և այն հագամանքը, որ դրանց լուծման ամենաարդյունավետ մեխանիզմը հետևողական և համակարգված աշխատանքն է, «Հզոր հայրենիք» կուսակցությունը, ելնելով նաև իր ծրագրային հիմնադրույթներից, միանում է ջավախքահայության իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությանը, հայտնում իր պարտրաստակամությունը ակտիվորեն աջակցելու խորհրդի աշխատանքներին և կոչ է անում բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին և հասարակական կազմակերպություններին, որոնք պատրաստակամ են նպաստելու և աջակցելու ջավախքահայության առջև ծառացած խնդիրների լուծմանը, նույնպես միանալու վերոնշյալ նախաձեռնությանը:

«Հզոր հայրենիք» կուսակցության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը