Աշխարհ

17.03.2009 12:30


Իսրայելի բարձրաստիճան պաշտոնիան ժամանելու՞ է Երևան, թե՞ ոչ

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնիան ժամանելու՞  է Երևան, թե՞ ոչ

Վերջին շրջանում ադրբեջանական քաղաքական շրջանակներն ու լրատվամիջոցները, ակնհայտ անհանգստություն են ցուցաբերում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր նորմալացման հարցում։ Ընդ որում, ջահգրգիռ գնահատականները պարբերաբար հակասում են մեկը մյուսին։ Մեկ ասվում է, թե Հայաստանն ու Թուրքիան մի շարք հարցերում գաղտնի համաձայնության են եկել, հետո մեջ են բերում թուրքական կողմի հավաստիացումները, թե վերջինս երբեք չի անտեսի Ադրբեջանի շահերը...և այսպես շարունակ։ Հիմա էլ հերթը հասավ Իսրայելին։ 1news.az կայքն այսօր գրում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնի վրա, Հայաստանի հետ համագործակցելու հարցում աշխուժացել է իսրայելական դիվանագիտությունը։ Երևանի հետ հարաբերությունների ակտիվացմամբ՝ Թել Ավիվը փորձելու է ճնշում գործադրել Անկարայի վրա։  Վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները՝ կայքը տեղեկացնում է, որ այսօր Երևան է ժամանում Իսրայելի Արտաքին գործերի նախարարության «Եվրասիա-2» բաժնի պետ Շեմի Ցուռը, որը վերահսկում է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերը։

Երևանում Ցուռը կմնա մինչև մարտի 22-ը։ Նա կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի, գյուղատնտեսության նախարար Արամայիս Գրիգորյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ։

Հատկանշական է, որ Ադրբեջանի փորձագետներին անհանգստացնում է այն, որ մինչ այս Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա մեկ ամսվա ընթացքում երկու անգամ դեռ չէր այցելել Հայաստան, ինչը հերթական անգամ կապվում է իսրայելա-թուրքական հարբերությունների վատթարացման հետ։

Ուշագրավը սակայն այն է, որ  Շեմի Ցուռի Երևան ժամանելու մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ից։  Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում 17.03.09  ժամը 12.30-ի դրությամբ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնիայի այցի մասին ոչ մի հաղորդագրություն չկար։

Այս խորագրի վերջին նյութերը