Աշխարհ

12.07.2017 16:59


Սիրիայի Հոմս նահանգում 10 բնակավայր միացել է հրադադարին

Սիրիայի Հոմս նահանգում 10 բնակավայր միացել է հրադադարին

Սիրիայի իշխանությունները 10 համաձայնագիր են կնքել զինյալ խմբավորումների հետ, ինչի արդյունքում արևմտյան Հոմս նահանգում 10 բնակավայր միացել է Սիրիայում գործող հրադադարի ռեժիմին: razm.ino-ն գրում է, որ այս մասին հուլիսի 11-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ընդհանուր առմամբ, ներկայում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը հասնում է 2011-ի: Իշխանությունները շարունակում են բանակցությունները զինյալների հետ նաև մյուս նահանգներում:

Սրան զուգահեռ Սիրիայում հակամարտող կողմերին հաշտեցնելու կենտրոնը հումանիտար օգնություն է ցուցաբերում Սիրիայում: Մասնավորապես Հալեպում 3,6 տոննա սննսամթերք և ջուր է մատակարարվել բնակիչներին:

Հումանիտար օգնություն է ցուցաբերում նաև ՄԱԿ-ը: ՄԱԿ-ի հումանիտար օգնությունը բաժանվել է Դեր Զոր և Դառաա նահանգի բնակիչներին:

Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 4-5-ը անցկացվել է Սիրիայի ճգնաժամի լուծման համար բանակցությունների 5-րդ փուլը: Դրանց ընթացքում նախատեսվում էր, որ կողմերը պետք է համաձայնության հասնեին Սիրիայում «ապաէսկալացման» կամ «ոչ բախումային» գոտիների ստեղծման համար, սակայն վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել:

Մինչ այդ Աստանայում հանդիպումներ անցկացվել են այս տարվա հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16, մարտի 14-15-ին և մայիսի 3-4-ին:

Սիրիայում հրադադարը հաստատվել է 2016-ի դեկտեմբերի վերջին: Դրա երաշխավորներն են Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: Այն չի տարածվում «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև այն խմբավորումների վրա, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Այս խորագրի վերջին նյութերը