Աշխարհ

12.07.2017 16:44


Պատվիրատուները հետաքրքրված են «Իսկանդեր», «Վերբա» և այլ զինատեսակների ձեռքբերմամբ. «Ռոսօբորոնէկսպորտ»

Պատվիրատուները հետաքրքրված են «Իսկանդեր», «Վերբա» և այլ զինատեսակների ձեռքբերմամբ. «Ռոսօբորոնէկսպորտ»

Ռուսաստանի «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության օտարերկրյա պատվիրատուները սկսել են առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերել «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային և «Վերբա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների նկատմամբ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է «Ռոսօբորոնէկսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:

Պահանջարկն աճել է նաև Ս-400 ԶՀՀ-երի, ինչպես նաև Սու-35 և Սու-32 կործանիչների նկատմամբ:

Մինչ այս «Իսկանդեր-Է» և Վերբա համալիրներ է ձեռք բերել նաև Հայաստանը:

«Իսկանդեր» հրթիռային համալիրը Հայաստանը ցուցադրել է 2016 թվականի սեպտեմբերի զորահանդեսի ժամանակ, իսկ մեծաքանակ «Վերբա» համալիրներ գնելու մասին 2017-ի ապրիլին հայտնել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ վարչության պետի տեղակալը:

Իսկ ըստ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի՝ 2016 թվականին Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Ս-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու ուղղությամբ բանակցում են Թուրքիան և Ռուսաստանը:

Ընկերության տնօրենը նաև նշել է, որ զենքի համաշխարհային արտահանման Ռուսաստանի բաժինը վերջին հինգ տարիների ընթացքում կազմում է շուրջ 17 տոկոս:

«Ներկայում Ռուսաստանը զենքի համաշխարհային շուկայում զբաղեցնում է երկրորդ տեղը: Վերջին 5 տարիների ընթացքում «Ռոսօբորոնէկսպորտ» ընկերության՝ ռազմական նշանակության արտադրանքի համաշխարհային արտահանման բաժինը 15 տոկոս է, իսկ ընդհանուր Ռուսաստանինը՝ շուրջ 17 տոկոս»,-մանրամասնել է Միխեևը:

Ըստ նրա՝ 2017-ի առաջին 6 ամվա ընթացքում «Ռոսօբորոնէկսպորտին» հաջողվել է պատվերները 42 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնել շուրջ 45 մլրդ դոլարի:

Նշենք, որ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) տվյալներով` 2011-2015 թվականներին աշխարհում զենք ներկրողների և արտահանողների ցուցակում Ռուսաստանը (25%) երկրորդ տեղում է ԱՄՆ-ից (33 %) հետո:

Այս խորագրի վերջին նյութերը