Աշխարհ

13.07.2017 22:01


ԱՄՆ-ում արգելել են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ պաստառներ փակցնել

ԱՄՆ-ում արգելել են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ պաստառներ փակցնել

Վաշինգտոնի մետրոպոլիտենը շահագործող կազմակերպություններն արգելել են մետրոյի կայարաններում և տրամվայների կանգառներում 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի թեմայով պաստառներ փակցնել:

Ըստ «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` պաստառները, որոնք պետք է փակցվեին նշյալ վայրերում, պատրաստվել էին ԱՄՆ-ում թուրքական «Անկախ արդյունաբերողների և գործարարների միության» (MÜSİAD) ներկայացուցիչների կողմից:

Միությունը թեմայի վերաբերյալ հայտարարություն է արել, որտեղ ասվում է, որ MÜSİAD-ը նախապես պայմանավորվածություն է ունեցել մի շարք ամերիկյան գովազդային գործակալությունների հետ՝ հուլիսի 15-ի հետ կապված փաստառներ պաստառներ պատրաստելու վերաբերյալ: Թուրքական կազմակերպությունն անընդունելի է համարել արդեն պատրաստ պաստառների արգելումը՝ անբավարար նկատելով դրանց քաղաքական բնույթ ունենալու վերաբերյալ ամերիկյան կողմի հիմնավորումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբ արդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 249 զոհ և 1440 վիրավոր: Ձախողված հեղաշրջման շրջանակներում Թուրքիայում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում:

Թուրքական իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ են մեղադրում իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենին: Վերջինիս Թուրքիա արտահանձնելու հետ կապված թուրքական կողմը մի քանի անգամ դիմել է ԱՄՆ-ին , սակայն մինչ այժմ դրական պատասխան չի ստացել: Անձամբ Գյուլենը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը