Աշխարհ

17.07.2017 19:11


Թուրք-քրդական բախումներում սպանվել է 5 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 15-ը

Թուրք-քրդական բախումներում սպանվել է 5 թուրք զինծառայող, վիրավորվել՝ 15-ը

Հուլիսի 6-ից 13-ը Թուրքիայի hարավարևելյան և արևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողությունների ընթացքում սպանվել է Թուրքիայի ուժային կառույցների 5 զինծառայող, վիրավորվել է ևս 15-ը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:

Ըստ աղբյուրի՝ գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 79 զինյալ: Սակայն քուրդ զինյալների կորուստների մասին թուրքական կողմի տվյալներին պետք է վերապահումով մոտենալ, քանի որ դրանք կարող են միտումնավոր կերպով ուռճացված լինել:

Թուրքիայի ուժայինները հուլիսի 6-13-ը գործողություններ են իրականացրել Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Շրնաք, Հաքքարի, Մարդին, Սղերթ (Սիիրթ) և արևելյան Վան, Բաթման նահանգներում:

Վերջին շրջանում թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են, ինչի արդյունքում ավելանում են նաև կորուստների և վիրավորների թվաքանակը թուրքական բանակում և այլ ուժային կառույցներում:

Թուրքիայի ուժայինների և քուրդ զինյալների բախումները սկսվել են դեռևս 2015-ի ամռանը: 2 տարի շարունակվող բախումներում Թուրքիայի մի շարք բնակավայրեր ավերակների են վերածվել: Հատկապես մեծ վնասներ են կրել Թուրքիայի Շրնաք, Դիարբեքիր, Մարդին նահանգները: Բախումների հետևանքով բազմաթիվ մարդիկ տեղահանվել են, ՄԱԿ-ի տվյալներով՝ տեղահանվածների թվաքանակը հասնում է 350-500 հազարի:

Այս խորագրի վերջին նյութերը