Աշխարհ

18.07.2017 11:06


Այսօր Բաքվում հանդիպելու են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

Այսօր Բաքվում հանդիպելու են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները

Այսօր Բաքվում կհանդիպեն Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները: Ազատությունը գրում է, որ ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, Էլմար Մամեդյարովը, Միխեիլ Ջանելիձեն և Մևլութ Չավուշօղլուն մի քանի ժամից մեկնարկող բանակցությունների ընթացքում հիմնականում կենտրոնանալու են տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործման վրա, այդ թվում՝ Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության:

Վերջին տարիների Հարավային Կովկասի թերևս ամենախոշոր այս նախագծի կառուցումը, հիշեցնենք, շարունակվում է շուրջ տասը տարի։ Երկաթուղու բացումը պլանավորվում էր 2011 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվեցին, այդ թվում՝ վերջին ամիսներին։

Ծրագրի աջակիցների համոզմամբ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարածաշրջանում կարագացնի տնտեսական զարգացումը, կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով նախորդ՝ թվով հինգերորդ հանդիպումը, հիշեցնենք, անցյալ տարվա փետրվարին էր՝ Թբիլիսիում։

Երեք հարևան երկրների գլխավոր դիվանագետների եռակողմ հանդիպումները սկիզբ առան 2012-ի ամռանը: Առաջին նման հանդիպումը կազմակերպվեց Տրապիզոնում:

Հետագայում եռակողմ հանդիպումներ եղան նաև նախագահների մակարդակով, ապա նաև՝ պաշտպանության նախարարների։ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումն անցած մայիսին էր՝ Բաթումիում, որին հաջորդեցին լայնածավալ զորավարժություններ։

Պաշտոնական Թբիլիսին հարևաններից միայն երկուսի հետ ռազմական այս համագործակցությունը, ինչպես հայտարարում է, պայմանավորում է «տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովմամբ»:

Այսօր, ի դեպ, թուրք և վրաց արտգործնախարարները կհանդիպեն Վրաստանում վերջին օրերին ակտիվացած հակամիգրացիոն կոչերի ֆոնին, որոնք հիմնականում հակաթուրքական տրամադրություններով են ուղեկցվում։

Անցած հանգստյան օրերին «Վրաստանը՝ վրացիներին», «Հյուրը՝ հյուրի նման» և այլ կարգախոսներով հարյուրավոր ազգայնականներ Թբիլիսիի կենտրոնական Աղմաշենեբելի պողոտայում բողոքի ցույց են անցկացրել։ Այս փողոցում են գտնվում բազմաթիվ թուրքական սրճարաններ, ռեստորաններ և խանութներ:

Ցույցի մասնակիցների իշխանություններից պահանջում են խստացնել միգրացիոն քաղաքականությունն ու մաքրել Վրաստանը ապօրինի միգրանտներից՝ հակառակ դեպքում սպառնալով ծայրահեղ քայլերի դիմել։

Այս խորագրի վերջին նյութերը