Աշխարհ

18.07.2017 12:14


Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին

Հուլիսի 14-ին Թուրքիայի զինուժը հարավարևելյան Քիլիս նահանգի՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումները համալրել են նոր զինտեխնիկայով: Ռազմական շարասյունը կազմված է եղել 8 մեքենայից, որից 6-ի վրա տեղափոխվել են հաուբիցներ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Զինտեխնիկայի նոր խմբաքանակը ուղարկվել է Քիլիս նահանգի Մուսաբեյլի քաղաք: Սպառազինությունն անմիջապես տեղակայվելու է Սիրիայի հետ սահմանին:

Մինչ այս Թուրքիայի զինուժը թուրք-սիրիական սահմանամերձ հատված զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել նաև հուլիսի 11-ին:

Թուրքիայի Քիլիս նահանգը սահմանակից է Սիրիայի հյուսիսային Աֆրին նահանգին, որը ներկայում մեծամասամբ վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորումները:

Թուրքական կողմը քրդական այս խմբավորումները համարում է «ահաբեկչական կառույցներ» և «սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Թուրքիայի և Սիրիայի սահմանին վերջին շրջանում հաճախակիացել են նաև սահմանային միջադեպերը: Թուրքիայի զինուժը կրակում է Սիրիայի քրդական խմբավորումներին՝ նշելով, որ դա արվում է ի պատախան քրդերի կրակոցների, քրդերն էլ իրենց հերթին միջադեպերի համար մեղադրում են թուրքական կողմին:

Բացի այդ, վեջին շրջանում թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Թուրքիան նոր գործողություններ է սկսելու Աֆրինում քրդերի դեմ: Թուրքիայի իշխանական օղակները մասնավորապես երկրի նախագահը և պաշտպանության նախարարը ևս չեն բացառում, որ հնարավոր է նոր գործողություններ իրականացնեն Սիրիայի հյուսիսում:

Սակայն Աֆրինում գործողություններ իրականացնելու համար Թուրքիան այդ գործողությունները պետք է համաձայնեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիային քրդական խմբերին, և գործողությունները քրդերի դեմ ցանկալի չեն, իսկ Ռուսաստանն էլ դեռևս զինված ուժերի խմբավորումներ ունի տեղակայած Աֆրինում:

Այս խորագրի վերջին նյութերը