Աշխարհ

18.07.2017 17:31


Թուրքական ընկերությունը ամերիկյան կողմին է հանձնել F-35 կործանիչի 1-ին «կմախքը»

Թուրքական ընկերությունը ամերիկյան կողմին է հանձնել F-35 կործանիչի 1-ին «կմախքը»

Թուրքական TAI ավիաշինական ընկերությունը ամերիկյան Northrop Grumman և Lockheed Martin ռազմարդյունաբերական ընկերություններին է հանձնել Թուրքիայի զինված ուժերի համար արտադրվող հինգերորդ սերնդի F-35 կործանիչի 1-ին կմախքը (ֆյուզելյաժ): razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Կործանիչի կմախքի հանձնման արարողությանը ներկա է եղել նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը:

Արարողության ժամանակ Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ այդ կմախքը հավաքվել է Թուրքիայի օդուժի համար նախատեսված առաջին F-35 կործանիչի համար, որը, ըստ նրա, Թուրքիային են հանձնելու 2018-ի մայիսին: Սակայն դեռևս հուլիսի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ ամերիկյան արտադրության առաջին 2 միավոր F-35A կործանիչները Թուրքիան կստանա 2019 թվականի ընթացքում:

Այսինքն, մի կողմից Թուրքիայի ՊՆ հաղորդագրությունից ստացվում է, որ առաջին կործանիչները ստանալու են 2019-ին՝ 1 տարի ուշացումով, մյուս կողմից էլ ՊԱԳՎ քարտուղարը հայտարարում է, որ դրանք օդուժին են հանձնվելու 2018-ի մայիսին:

Մինչ այժմ Թուրքիան ընդհանուր առմամբ պատվիրել է 6 միավոր F-35A կործանիչ: Թուրքիան այս կործանիչների գնման մտադրության մասին հայտնել էր դեռևս 2014-ի մայիսին: Թուրքական կողմը նաև հայտնում է ընդհանուր առմամբ 100 նման կործանիչ գնելու մտադրության մասին։

Նշենք, որ դեռևս 2014-ի հունիսին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգում բացվել է ամերիկյան Pratt & Whitney և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը, որը նախատեսված է F-35 կործանիչի համար F135 շարժիչի մասերի արտադրության համար:

Բացի այդ, Թուրքիան նաև փորձում է ստեղծել սեփական արտադրության կործանիչ: Այդ մասին թուրքական կողմը հայտարարել է դեռևս դեռևս 2011-ին: Նոր սերնդի տեղական «TF-X» (Turkish Fighter X) կործանիչի արտադրությամբ զբաղվելու է թուրքական TAI ընկերությունը, որն ինքնաթիռի նախագծման համար համագործակցելու է բրիտանական BAE Systems խոշոր ռազմարդյունաբերական ընկերության հետ:

Այս խորագրի վերջին նյութերը