Աշխարհ

18.07.2017 12:51


Սիրիայի Հոմս նահանգում շուրջ 150 զինյալ վայր է դրել զենքը

Սիրիայի Հոմս նահանգում շուրջ 150 զինյալ վայր է դրել զենքը

Սիրիայի արևմտյան Հոմս նահանգում շուրջ 150 զինյալ որոշել է զենքը վայր դնել և միանալ ժողովրդական հաշտեցման ծրագրին: Սիրիայի իշխանությունները զենք վայր դրած զինյալներին համաներում են շնորհել: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայի ժողովրդական հաշտեցման նախարարությունը զենքը վայր դնելու համար բանակցություններ է վարում Սիրիայի այն քաղաքացիների հետ, որոնք կռվում են իշխանություններ դեմ տարբեր զինյալ խմբավորումների կազմում:

Ամենամեծ հաջողությունը Սիրիայի իշխանությունները գրանցել են 2014-ին Հոմս քաղաքում, երբ մոտ 1500 զինյալներ համաձայնվեցին զենքը վայր դնել և հանձնել Հոմս քաղաքի կենտրոնը:

Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները 10 համաձայնագիր են կնքել զինյալ խմբավորումների հետ, ինչի արդյունքում Հոմս նահանգի 10 բնակավայր միացել է Սիրիայում գործող հրադադարի ռեժիմին:

Ընդհանուր առմամբ, ներկայում հրադադարի ռեժիմին միացած բնակավայրերի թիվը 2000-ից ավելի է: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 4-5-ը անցկացվել է Սիրիայի ճգնաժամի լուծման համար բանակցությունների 5-րդ փուլը: Դրանց ընթացքում նախատեսվում էր, որ կողմերը պետք է համաձայնության հասնեին Սիրիայում «ապաէսկալացման» կամ «ոչ բախումային» գոտիների ստեղծման համար, սակայն վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել և որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Մինչ այդ Աստանայում հանդիպումներ անցկացվել են այս տարվա հունվարին փետրվարին, մարտին և մայիսին:

Սիրիայում հրադադարը հաստատվել է 2016-ի դեկտեմբերի վերջին: Դրա երաշխավորներն են Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: Այն չի տարածվում «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև այն խմբավորումների վրա, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Այս խորագրի վերջին նյութերը