Աշխարհ

19.07.2017 17:30


ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Սիրիայում զինադադարի հաստատման նոր հնարավորություններ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Սիրիայում զինադադարի հաստատման նոր հնարավորություններ

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Սիրիայում զինադադարի հաստատման նոր նախագիծ, որին ամենայն հավանականությամբ պետք է ներգրավվեն նաև Սիրիայի Հոմս շրջանը և Դամասկոսից արևելք ընկած Գուտայի հատվածը: razm.info-ն գրում է, որ այս մասին «ՌԻԱ» լրատվական գործակալությանը հայտնել է բանակցություններին մոտ կանգնած անանուն աղբյուրը:

Համաձայն դրա՝ զինադադարի մասին կհայտարարվի Աստանայի շրջանակներում օգոստոսին սպասվող նոր հանդիպման ընթացքում, իսկ մինչ այդ զինադադարի մանրամասները քննարկելու են ամերիկացի և ռուսաստանցի մասնագետները:

Այս տարվա մայիսին Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու մասին Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ Հոմսի և Արևելյան Գուտայի շրջանները ևս մտնում էին անվտանգության գոտիների մեջ: Գոտիների հստակ սահմանները, սակայն, դեռ հստակեցված չեն:

Մինչ այդ Սիրիայում զինյալների և կառավարական ուժերի միջև միջնորդական գործունեություն իրականացնող «Զինադադարի և խաղաղության հարցերով Սիրիայի ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Սալեհ Նաիմին հայտնել էր, որ ավելի քան 10 000 զինյալ պատրաստ է զենքը վայր դնել և անցնել Սիրիայի իշխանությունների կողմը:

Նշվում էր, որ խնդիրը Սիրիական կառավարական ուժերի հանդեպ վստահությունն է, և զինյալները այդ հարցում մտավախություն ունեն: Զինյալները Ռուսաստանի աջակցության կարիքն են զգում: Չի նշվում, սակայն, թե հստակ որ հարցի շուրջ են զինյալները ակնկալում Ռուսաստանի աջակցությունը:

Կարելի է ենթադրել, որ հավանաբար զինյալները ռուսաստանյան կողմից որոշ երաշխիքներ են ցանկանում զենքերը վայր դնելու հետո իրենց ապահովության համար:

Ըստ Նաիմիի՝ ավելի վաղ զինյալների ներկայացուցիչները մեկնել էին Անկարա՝ Ռուսաստանի դեսպանին և ռազմական կցորդին հանդիպելու ցանկությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը