Աշխարհ

19.07.2017 12:17


Ո՞րն է Ախալքալաքում ամուսնալուծությունների հաճախակի դառնալու պատճառը

Ո՞րն է Ախալքալաքում ամուսնալուծությունների հաճախակի դառնալու պատճառը

Ախալքալաքում ամուսնալուծությունները հաճախակի են դարձել այն պատճառով, որ բնավորությամբ անհամատեղելի են․ եթե նախկինում լսում էինք նման 2-3 դեպքի մասին, մեկ տարվա ընթացքում, հիմա միայն դատարանի միջոցով բաժանվում են 10 կամ ավելի շատ զույգեր:

Այսօր Վրաստանում գրանցված են 1381116 զույգ, ամուսնալուծությունների քանակը Վրաստանում տարեցտարի ավելանում է: Ամուսնալուծությունների ամենամեծ տոկոսը ընկնում են այն զույգերին, ովքեր ամուսնացած են ընդամենը մեկ տարի, նորապսակները Վրաստանում ամուսնալուծվում են 8.8%-ով ավելի հաճախ, քան զույգերը, ովքեր միասին երկար տարիներ են ապրել: Ամուսնալուծությունների պատճառները շատ են` ֆինանսական դժվարություններ, անհավատարմություն, դավաճանություն, ֆիզիկական, հոգեբանական բռնություն, սիրո և փոխըմբռնման պակաս, չբերություն, առողջական խնդիրներ…

Ախալքալաքցիների համար բոլոր ժամանակներում, ամուսնությունը և ընտանիքը հիմնարար կարևորություն ունեն: Ամուր ընտանիքը շատ ավելի կարևոր է, քան անձնական երջանկությունն ու անվտանգությունը: Այստեղ, շատ կանայք ի սկզբանե ամուսնանում են տարբեր պատճառներ հաշվի առնելով, թեև որոշ դեպքերում լինում է ամուսնություն սիրո հիման վրա, լինում է նաև ամուսնություն հաշվարկով, կամ ստիպված ամուսնություն (այդպես են ուզել ծնողները), աղջիկ փախցնելը, երբ երիտասարդ կնոջը իրավունք չեն տալիս ընտրելու ապագա ամուսնուն և ընդհանրապես՝ ապագան: Չէ որ, ըստ շատերի փախցնելուց հետո վերադառնալ հայրական տուն դա խայտառակություն է:

Կան այլ, մտավոր առանձնահատկություններ, գավառական, հասարակական կարծիքը, որ եթե չամուսնանաս մինչև 23 տարեկան, կամ առավելագույնը 25, տանը կմնան ու ծնողների «վզին»: Իսկ ոմանք պարզապես ուզում են սպիտակ հարսանեկան զգեստ հագնել, առանց գիտակցելու, թե ինչ պարտականություն և կարևոր քայլ է ամուսնությունը կյանքում: Հատկապես այն պատճառով, որ Ախալքալաքի հասարակության չգրված կանոնն ասում է՝ «ամուսնանանում ես, ուրեմն՝ ընդմիշտ»:

Հիմնականում, ամուսնալուծության նախաձեռնողը միշտ համարվել է տղամարդը: Մեկնելով սեզոնային արտագնա աշխատանքի՝ տղամարդիկ գտնում են նոր կին, մոռանալով հին ընտանիքի մասին: Կամ էլ լինում են ամուսնալուծության այլ պատճառներ:

Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը՝ իրավիճակը փոխվել է: 2015 թ.-ի հունվարի 1-ից մինչև այսօր Ախալքալաքի շրջանային դատարանը քննել է ամուսնալուծության 33 դեպք: Նրանցից 13-ը՝ 2015 թ.-ին, 10-ը՝ 2016 թ.-ին և 10-ը՝ 2017 թ.-ին: Ամուսնալուծության 33 գործից 21-ի նախաձեռնողը կանայք են, 12-ը` տղամարդիկ:

Շրջանային դատարանը Jnews.ge-ի հարցին պատասխանում, թե այս գործերից քանիսի պատճառն է ընտանեկան բռնությունը, դատարանը նշել է, որ նման մանրամասն վիճակագրության համար պետք է ավելի շատ ժամանակ, քան 10 օրը:

Իսկ ամուսնալուծվածների հետ մեր անձնական զրույցներում, հիմնականում առանձնանում է ընտանեկան բռնության փաստը:

«Մենք ամուսնացած էինք 98-ական թվականից: Ես սխալվում էի՝ սպասելով, որ նա կփոխվի: Բայց՝ ոչ: Ինչու ես պետք է հանդուրժեմ, եթե չի հասկանում: Ես հանդուրժում էի, բայց նա որոշեց ամուսնալուծվել: Ես չէի ուզում, նա այդպես ուզեց: Գտավ ամուսնալուծության պատճառ, բայց հետո ես իմացա, որ կա մեկ այլ կին: Բոլորը գիտեին: Նա ինձ միշտ դավաճանել է: Ես հանդուրժում էի ոչ միայն նրա դավաճանությունը, ծեծը, նվաստացումները: Նա մի անգամ այնպես ծեծեց, որ գիտակցությունս կորցրեցի: Ես հղի էի, ծեծի հետևանքով երեխաս մահացած ծնվեց: Իսկ նա այդ ընթացքում զվարճանում էր այլ կանանց հետ: Նրա ծնողները արդարացնում էին նրան, իսկ նա դրանից օգտվում էր», – ասաց պատասխանողը, ով չցանկացավ հրապարակել իր անունը:

Չնայած նրան, որ ընտանեկան բռնության են ենթարկվում բազմաթիվ կանայք, բայց չեն համարձակվում խոսել այդ մասին շատերը, քանի որ մտածելակերպը թույլ չի տալիս, որպեսզի «ընտանեկան վեճը հասարակությանը հայտնի դառնա»:

«Նա խմում էր: Երբ խմում էր, կորցնում էր իրեն: Երբ առաջին անգամ ձեռք բարձրացրեց ինձ վրա, ես վազեցի ծնողներիս մոտ: Բայց մենք երեխաներ ունենք: Ինչպես կարող էի քանդել ընտանիքը: Հետ վերադարձա հանուն երեխաների, բայց վիճակը ավելի վատացավ: Ինձ սկսեցին ծեծել պարբերաբար, սկեսուրս նույնպես ձեռք էր բարձրացնում ինձ վրա: Հաջորդ անգամից հետո էլ չկարողացա դիմանալ: Ես ունեի քերծվածքներ և կապտուկներ ամբողջ մարմնիս վրա: Ես հեռացա նրանից: Եվ մենք բաժանվեցինք», – ասում է մեկ այլ զրուցակից:

Մինչդեռ, ոչ բոլոր ամուսնալուծություններն են հասնում դատարան: Մարդիկ հաճախ հեռանում են խաղաղ ու հանգիստ, կամ մնում են ամուսնացած, բայց ապրում են բաժան: Նման դեպքերը հաճախ են լինում, եթե ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան և այնտեղ նոր ընտանիք է ստեղծում: Ընդ որում, առաջին կինը մնում է ամուսնու տանը և հոգ է տանում նրա ծնողներին մինչ նրանց մահը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը