Աշխարհ

19.07.2017 15:40


Սելինա Դողան. «Նոր ներքին կանոնադրությունը մեջլիում փոքրամասնությունների ձայնը լռեցնելու փորձ է»

Սելինա Դողան. «Նոր ներքին կանոնադրությունը մեջլիում փոքրամասնությունների ձայնը լռեցնելու փորձ է»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը անդրադարձել է մեջլիսում քննարկման դրված նոր ներքին կանոնադրության նախագծին, որը մի շարք սահմանափակումներ է նախատեսում խորհրդարանում պատգամավորների ելույթների համար:

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ Դողանը կարծիք է հայտնել, որ կանոնադրությունում կատարված փոփոխություններն իրականում նպատակ ունեն լռեցնելու փոքրամասնությունների խորհրդարանական ներկայացուցիչներին:

Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունների կողմից մշակված և 18 կետից բաղկացած նախագծի համաձայն՝ խորհրդարանում «Թուրքիայի նախագահին, ազգային ժողովի նախագահին, նախագահական խորհրդին, նախագահողին ու պատգամավորներին վիրավորող, թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը վիրավորող կամ մեղադրող» պատգամավորները կհամարվեն կարգազանց և կպատժվեն ժամանակավոր հեռացումով և աշխատավարձի 2/3-ի չափով պահումով:

Անդրադառնալով նախագծի այդ կետին՝ Դողանը մասնավորապես ասել է. «Անկասկած, ոչ ոք չպետք է վիրավորի և չի կարող վիրավորել թուրք ազգի պատմությունն ու անցյալը: Շատ լավ, իսկ մյո՞ւս ազգերը: Օրինակ հայ ազգի պատմությունը կարելի՞ է վիրավորել»:

Այս համատեքստում Դողանն առաջարկել է հանուն արդարության պատիժ սահմանել նաև սեռական խտրականություն և ատելության կոչեր պարունակող ելույթների համար:

Հայ պատգամավորը նշել է, որ իշխող կուսակցությունը մեկ առ մեկ լռեցնում է ժողովրդական երկրին բնորոշ բոլոր կառույցները. «Մամուլը լռում է, ակադեմիկոսները լռում են, բիզնեսի աշխարհը լռում է, աշխատավոր զանգվածը լռում է, հասարակական կազմակերպությունները լռում են… Խոսում են միայն ընդդիմադիր պատգամավորները, նրանց էլ փորձում եք այս ներքին կանոնադրության փոփոխությամբ լռեցնել», - ասել է Դողանը:

Անդրադառնալով նաև Ստամբուլում մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալության և կալանավորման դեպքին՝ պատգամավորը զարմանք է հայտնել, որ տարիներ շարունակ Թուրքիայում գործունեություն ծավալած իրավապաշտպան կառույցների ղեկավարները հանկարծ մի ակնթարթում վերածվեցին «ահաբեկիչների»:

Հավելենք, որ նոր ներքին կանոնադրությունը պատիժ է սահմանել նաև այն պատգամավորների համար, որոնք Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական բաժանումները և բնակավայրերը կանվանեն սահմանադրությանը և օրենքներին հակասող անուններով: Այսպիսով, փաստորեն, թիրախավորվում են «Հայոց ցեղասպանություն» ու «Քուրդիստան» բառերը կիրառող պատգամավորները:

Հուլիսի 18-ին տեղի ունցած քննարկման արդյունքում սահմանադրական հանձնաժողովը հաստատել է առաջարկված փոփոխությունների փաթեթի 4 կետերը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը