Աշխարհ

21.07.2017 22:35


Թուրքիան Eurosam-ի հետ կհամագործակցի ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ

Թուրքիան Eurosam-ի հետ կհամագործակցի ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ

Թուրքական «Ռոքեթսան», «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունները եվրոպական Eurosam ընկերության հետ ստորագրել են Թուրքիայի համար ՀՕՊ համակարգերի արտադրության շուրջ նախատեսվող համաձայնագրի հիմնական կետերի հստակեցման համաձայնագիրը (Heads of Agreement): razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է եվրոպական ընկերության կայքը:

Թուրքիայի համար հակաօդային պաշտպանության միջին և մեծ հեռահարության համակարգերի արտադրության գործընթացը ղեկավարում է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը:

Նախնական համաձայնությամբ կողմերը սահմանել են, որ առաջիկա ամիսներին պետք է սկսեն հետազոտել մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային համակարգի հետ կապված հարցերը:

Թուրքիայի համար ստեղծվելիք ՀՕՊ համակարգը հիմնված է լինելու Eurosam ընկերության տեխնոլոգիաներով: Համակարգերի սպառազինությունում լինելու են Aster հրթիռներ, որոնց ստեղծման համար Եվրամիությունը ներդրել է շուրջ 11 միլիարդ դոլար: Նշվում է, որ նման համակարգեր կան Ֆրանսիայի և Իտալիայի զինված ուժերի սպառազինությունում:

Եվրոպական ընկերության հայտարարությունում նշվում է,ո ր խոսքը SAMP/T ՀՕՊ համակարգերի մասին է, որոնցից երկու միավոր Իտալիան ՆԱՏՕ-ի շրջանակներում 2016 թ. տեղակայել է Թուրքիայում՝ այդ երկրի օդային սահմանների պաշտպանության նպատակով:

Stamp/T համակարգի մարտավատեխնիկական բնութագրերը.

  • Թիրախի հայտնաբերման հեռավորությունը՝ 600 կմ,
  • Հնարավոր թիրախները՝ բալիստիկ հրթիռներ, կառավարվող և չկառավարվող թռչող օբյեկտներ,
  • Սպառազինությունը՝ «Աստեր-30» կառավարվող հրթիռ,
  • Հրթիռի խոցման հեռահարությունը՝ մինչև 100 կմ,
  • Խոցման առաստաղը՝ մինչև 25 կմ:

Հիշեցնենք, որ դեռևս 2013 թ. Թուրքիան հայտարարել էր ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ, որում հաղթող էր չանաչվել Չինաստանը ներկայացնող CPMIEC ընկերությունը:

Մրցույթին այդ ժամանակ մասնակցում էին նաև Eurosam ընկերությունը (Samp/T) և Միացյալ Նահանգները՝ Patriot ՀՕՊ համակարգերով: Սակայն հետագայում Թուրքիան չեղյալ հայտարարեց Չինաստանի հետ պայմանագիրը: 2016 թ. թուրքական կողմը նախ ձեռնարկեց սեփական համակարգերի արտադրության անարդյունք փորձ, ապա ՀՕՊ համակարգեր գնելու համար բանակցություններ սկսեց Ռուսաստանի հետ:

2017 թ. թուրքական և ռուսաստանյան կողմերի տարածած տեղեկություններով՝ կողմերը համաձայնության են հասել Թուրքային Ս-400 համակարգերի վաճառքի շուրջ: Սակայն ռուսաստանյան կողմը հրաժարում է Թուրքիային այդ համակարգերի արտադրական տեխնոլոգիաներ փոխանցել:

Ելնելով նաև այս հանգամանքից՝ Թուրքիան փորձում է Ս-400-ների հաշվին ժամանակավորապես լուծել իր հակաօդային պաշտպանվածության խնդիրը, սակայն հեռանկարում նախատեսում է Եվրոպական ընկերության հետ համագործակցությամբ ՀՕՊ համակարգերի արտադրություն սկսել իր երկրի տարածքում:

Այս խորագրի վերջին նյութերը