Աշխարհ

22.07.2017 14:53


Ոչ մարտական կորուստ Տերտերի շրջանի զորամասերից մեկում

Ոչ մարտական կորուստ Տերտերի շրջանի զորամասերից մեկում

Անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Տերտերի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1995 թ․ ծնված շարքային Ազիզլի Դայանդուր Նուրու օղլուն (Əzizli Dayandur Nuru oğlu):

Դեպքի մասին հուլիսի 21-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։ Տեղեկությունները հաստատվել են նաև սոցցանցերում զինծառայողին ճանաչող մարդկանց գրառումներով։

Ըստ սպանվածի հոր՝ Դայանդուրի դին զինվորականները նրա ընտանիքին են հանձնել հուլիսի 20-ին, իսկ ընտանիքի անդամներին չեն ասել մահվան հանգամանքները։ Չեն ցանկացել նաև, որ զինծառայողի դագաղը բացվի, սակայն հարազատները այն բացել են և տեսել կտրտած և վնասված տեղեր։ Հայրը չի կարողացել նաև հասկանալ՝ դրանք հրազենային վնասվածքի, թե՞ դանակահարության տեղեր էին։

Հայրը հայտնել է նաև, որ որդին «իր հայրենիքի և հողի համար» չի զոհվել, իսկ վրան նույնիսկ «Ալլահի դրոշը» չի եղել։ Ադրբեջանում դրոշով սովորաբար թաղում են մարտական կորուստներին։

Կատարվածի մասին Ադրբեջանի ՊՆ-ն ոչինչ չի հայտնել։

Դայանդուր Ազիզլին Ադրբեջանի Շաքի քաղաքի բնակիչ էր։ Բանակ էր զորակոչվել 2016 թ․, սկզբում ծառայել է Բաքվում, ապա 2017 թ․ մայիսի 26-ից Տերտերի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 36 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք հնարավոր է լինեն Ադրբեջանի Ներքին զորքերից, նրանց սակայն չենք ընդգրկել հաշվարկում։

Աղբյուրը՝ razm.info.am

Այս խորագրի վերջին նյութերը