Աշխարհ

25.07.2017 16:51


Թուրքիայում գյուլենականների որսը շարունակվում է

Թուրքիայում գյուլենականների որսը շարունակվում է

Հուլիսի 24-ին Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում մասնավոր դպրոցների և ուսումնական կենտրոնների 81 աշխատակցի բերման ենթարկելու որոշում է կայացրել:

Այդ մասին տեղեկացնող թուրքական «Yenisafak» պարբերականը նշել է, որ ավելի վաղ կառավարության օրենքի ուժ ունեցող որոշմամբ այդ մասնավոր դպրոցները և ուսումնական կենտրոնները փակվել էին:

Նշվում է, որ նրանք մեղադրվում են «Bylock» արգելված բջջային հավելվածից օգտվելու մեջ: Հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Bylock հիմնականում օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական շարժումն ահաբեկչական են համարում: Իսկ հիմնադիր Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը