Լրահոս

23.01.2010 11:48


Մովսես Շահվերդյան. «Մինչև տարվա վերջ ղարաբաղյան հարցի ինչ–որ լուծում, թեկուզ թղթային տեսքով, պետք է որ լինի»

Մովսես Շահվերդյան. «Մինչև տարվա վերջ ղարաբաղյան հարցի ինչ–որ լուծում, թեկուզ թղթային տեսքով, պետք է որ լինի»

-Ընդհանրապես ղարաբաղյան հարցը, իմ կարծիքով, աշխարհում դիտվում է որպես հայկական հարցի բաղադրիչ, և կարծես թե միջազգային հարաբերություններում ներկա պահին տեղի է ունենում հայկական հարցի երկրորդ վերակենդանացումը, միջազգայնացումը, որ փակվել էր 1923-ին Լոզանում,- «7օր»-ին ասել է ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը։

Նրա կարծիքով հարցը կրկին ակտուալ է դառնում, և կարելի է ենթադրել, որ խոշոր տերությունները կա՛մ ցանկանում են այն վերջնականապես փակել՝ հաշտեցնելով Հայաստանին Թուրքիայի հետ, կա՛մ, կախված նաև Հայաստանի պահվածքից, հարցը կարող է նորից ընթացք ստանալ։ Մ. Շահվերդյանի կարծիքով խոշոր տերությունները ղարաբաղյան հարցն այդ ենթատեքստում են դիտում, և ՌԴ նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումը ցույց է տալիս, որ գործընթացները բավական ակտիվացել են, և արդեն մինչև տարվա վերջ ղարաբաղյան հարցի ինչ-որ լուծում, թեկուզ արդեն թղթային տեսքով, պետք է որ լինի, ինչպես հայ-թուրքական հարաբերություններում արձանագրությունների տեսքով։

-Բնական է, որ այս հանդիպումը գործընթացի շատ կարևոր բաղադրիչը կարող է լինել, և անպայման կլինի։ Իհարկե, մենք չենք կարող իմանալ, թե նրանք ինչից են խոսել, բայց որ դրանով այդ գործընթացն ինչ-որ նպատակի արդեն պետք է հասնի, ես դրանում չեմ կասկածում։ Դրանից հետո էլ կարող է լինել 2-3 հանդիպում, և ինձ թվում է՝ մենք անպայման, գոնե թղթային  տեսքով, եթե ոչ գործնական, ինչ-որ մի բան կունենանք ղարաբաղյան հարցում,- ընդգծել է նա։

Դա նրա կարծիքով Ղարաբաղի հարցի վերջնական լուծում չի լինի, սակայն  կարող է ստորագրվել մի փաստաթուղթ, որտեղ նշվեն ժամկետները, թե հայկական կողմը մինչև երբ, անգամ 2010-2012թթ. ինչ տարածքներ է հանձնելու. «Ինձ թվում է՝ հիմնական պայմանավորվածությունը դա է լինելու, և բանակցությունների հիմնական թեման ներկա պահին դա է»։ 

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը