Աշխարհ

26.07.2017 22:54


Ավստրիայի վարչապետը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությունն անհնար է համարում

Ավստրիայի վարչապետը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությունն անհնար է համարում

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը (ԵՄ) անհնար է: Այս մասին հայտնում է թուրքական «Diken» լրատվական կայքը` հղում անելով գերմանական «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում հրապարակված Քերնի հարցազրույցին:

Քերնը նաև ընդգծել է, որ Թուրքիայի հետ ԵՄ-ի Մաքսային Միության ընդլայնման գործընթացը հնարավոր կլինի, եթե Թուրքիան կյանքի կոչի իրավական պետության կայացման համար անհրաժեշտ պայմանները:

Քերնը նշել է, որ քանի դեռ Թուրքիայում ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի աշխատակիցների նկատմամբ ցուցադրական դատավարությունն է տեղի ունենում կամ ընդդիմադիր պատգամվոր Էնիս Բերբերօղլուն իր պարտականությունները կատարելու համար ազատազրկման է դատապարտվում, ԵՄ-ի Մաքսային Միության ընդլայնումը հնարավոր չէ:

Ըստ Քերնի՝ Թուրքիան Եվրոպայի հետ մերձեցման հարցում պետք է քայլեր կատարի, և միայն այդ քայլերից հետո Մաքսային Միության ընդլայնումը կարող է ԵՄ-Թուրքիա նոր հարաբերությունների առանցաքային տարր դառնալ:

Ավստրիայի կառավարության ղեկավար համոզված է, որ Եվրոպան տնտեսական առումով Թուրքիայից որևէ կախվածություն չունի, դեռ հակառակը Թուրքիան կախում ունի Եվրոպայի և Արևմուտիքց:

«Թուրքիայում անմիջական ներդրումների մեծ մասն Արևմուտքն է անում: Եթե Արևմուտքը հետ քաշվի, կտեսնենք, թե Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները ինչ ընթացք կստանան»:

Նշենք, որ Թուրքիան ԵՄ Մաքսային Միությանը միացել է 1995 թվականին, ինչի շնորհիվ Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 4 անգամ: Թուրքիայի արտաքին առևտրի 40 տոկոսը բաժին է հասնում ԵՄ երկրներին: Թուրքիայում ուղղակի ներդրումների 1/3-ը կատարում են ԵՄ ընկերությունները: Գերմանական ընկերությունները Թուրքիայում 12 միլիարդ եվրոյի ներդրում են արել, որը արտասահմանյան ներդրումները 10 տոկոսն է կազմում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը