Աշխարհ

27.07.2017 08:28


Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իսրայելի՝ Էրդողանին ուղղված հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իսրայելի՝ Էրդողանին ուղղված հայտարարությանը

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իսրայելի արտաքին գերատեսչության այն հայտարարությանը, որտեղ Իսրայելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ էր տվել զբաղվել սեփական երկրի խնդիրներով:

Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանին հիշեցրել էր, որ Օսմանյան կայսրությունը վաղուց անցյալում է, իսկ Երուսաղեմը հրեա ժողովրդի մայրաքաղաքն է և այդպես էլ կմնա:

Թուրքական «Haberturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Իսրայելի վերոնշյալ «չափն անցնող» հայտարարությունը, որն ուղղված էր նախագահ Էրդողանի՝ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի շուրջ լարված իրավիճակին առնչվող խոսքերին:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության՝ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Պաղեստինում տարբեր կրոնական համայնքներ ապրել են խաղաղ և ունեցել են դավանանքի ազատություն:

«Այս առումով հրեաներն ամենալավը պետք է իմանան Օսմանյան ժամակաշրջանում տիրող եզակի հանդուրժողականության մասին և գնահատեն այն: Հիմա էլ Թուրքիայի Հանրապետությունում ապրող հրեաների խղճի և դավանանքի ազատությունները երաշխավորված
են մեր պետության կողմից»,-նշվում է հայտարարության մեջ:

Թուրքիան Իսրայելին կոչ է արել ողջախոհություն դրսևորել և վայրկյան առաջ վերականգնել Ալ Ասքա մզկիթի ստատուս-քվոն և ամբողջությամբ վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք ուղղված են դավանանքի ազատության դեմ:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական լարվածությունը սկսեց այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները մի քանի օր առաջ որոշեցին Երուսաղեմում իսլամական սրբավայրի մոտ անվտանգության միջոցառումներն ուժեղացնել: Այդ որոշմանը նախորդել էր տաճարի տարածքում երկու ոստիկանի սպանությունը: Այդ միջադեպից հետո Իսրայելն արգելել էր ուրբաթօրյա աղոթքը, իսկ հետո նաև մզկիթի շուրջ տեղադրել մետաղորսիչ սարքեր: Այդ ամենին կոշտ կերպով արձագանքել էր Թուրքիան:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը