Աշխարհ

27.07.2017 15:27


Թուրքիայի խորհրդարանում ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորներն ակցիա են անցկացնում երկրի խորհրդարանում։

Կուսակցության պատգամավորները երեկվանից չեն լքում խորհրդարանի շենքը՝ ի նշան բողոքի ընդդեմ նոր ներքին ընթացակարգային կանոնների ընդունման։

Հաղորդվում է, որ ընդդիմության բողոքի հիմնական պատճառ է դարձել խորհրդարանականների ելույթների ժամանակի նվազեցումը 10 րոպեից 3 րոպեի։

Կուսակցությունը դա գնահատում է որպես կարծիքի արտահայտման ընդդիմության սահմանափակում։

Մեջլիսում ելույթ է ունեցել հայ պատգամավոր Սելինա Դողանը, ով նշել է, որ ներքին կանոնակարգում նախատեսված փոփոխությունները միտված են լռեցնել ընդդիմադիր պատգամավորներին: «Թուրքիայի իշխող կուսակցությունը և նրա ղեկավարը ցանկանում է վերացնել ընդդիմադիր ուժերի ազդեցության գոտիները: Իշխող կուսակցությունը հատ առ հատ լռեցնում է ժողովրդավարական երկրին հարիր բոլոր կառույցները: Լրատվամիջոցները լռեցված են, ակադեմիկոսները լռեցված են, գործարար աշխարհը լռեցված է, արհմիությունները լռեցված են, քաղաքացիական հասարակությունը թաղված է լռության մեջ: Այժմ էլ հերթը հասել է ընդդիմադիր կուսակցություններին»,- նշել է նա՝ հայտարարելով, որ նախատեսվող փոփոխություններն անօրինական են:

Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողով ներկայացված օրենքների փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթները հնչեցնելուն:

Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոր 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը