Աշխարհ

28.07.2017 12:40


Գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը

Գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը

Գերմանիայում կատարված մի հարցման արդյունքում պարզվել է, որ գերմանացիների 80 տոկոսը կողմ է Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն: «Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Գերմանիայի հանրային ARD հեռուստաընկերության նախաձեռնությամբ «Infratest dimap» ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությանը մասնակցել են 1004 քաղաքացիներ:

Նույն հարցմամբ պարզվել է նաև, որ Գերմանիայի բնակչության 81 տոկոսն անհանգստացած է Թուրքիայում ժողովրդավարության վիճակով: Միևնույն ժամանակ, աղբյուրը տեղեկացնում է, որ փետրվարին անցկացված նույնատիպ հարցումների արդյունքների համեմատ այս ցուցանիշը 5 տոկոսով նվազել է:

Ուսումնասիրության ընթացքում Գերմանաիայի քաղաքացիներին նաև հարց է ուղղվել, թե նրանց կարծիքով ԵՄ-Թուրքիա գաղթականների պայմանագրի համատեքստում Գերմանիայի կառավարությունը ինչ դիրքորոշում պետք է որդեգրի: Հարցվածների 45 տոկոսը կողմ է արտահայտվել այն կարծիքին, որ կանցլեր Անգելա Մերկելը պետք է անի հնարավոր ամեն ինչ՝ գաղթականների վերաբերյալ պայմանագիրը փրկելու համար: Իսկ 47 տոկոսը դեմ է եղել նման մոտեցման որդեգրմանը:

Հիշեցնենք, որ 2017թ. հուլիսի 5-ին Ստամբուլի Բյույուքադա կղզում մի սեմինարի համար հավաքված 10 իրավապաշտպաններ առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին: Ավելի ուշ ձերբակալվածներից 4-ն ազատ արձակվեցին՝ երկրից չհեռանալու պայմանով: Մյուս 6-ը կալանավորվեցին: կալանավորվածների մեջ էր նաև գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդները: Այս հանգամանքը Գերմանիայի և Թուրքիայի միջև նոր լարվածության պատճառ հանդիսացավ: Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ քաղաքականության վերանայման և այդ երկրի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը