Աշխարհ

28.07.2017 23:26


ԻՆՏԵՐՊՈԼ-ը չեղարկել է Թուրքիայի համար սահմանված արգելքը

ԻՆՏԵՐՊՈԼ-ը չեղարկել է Թուրքիայի համար սահմանված արգելքը

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) չեղարկել է Թուրքիայի համար սահմանված տվյալների բազայի մուտքի արգելքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haber7.com» լրատվակայքը:

Աղբյուրի հավաստմամբ՝ այս որոշման համար կարևոր նշանակություն է ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի ղեկավարած պատվիրակության այցը Թուրքիա: Հունիսի 21-ին կայացած այցի շրջանակներում Շտոքը մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ:

Նա նաև այցելել է 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ժամանակ ռմբակոծված Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) շենք, «սեփական աչքերով տեսել» «FETÖ»-ի (Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող, Ֆեթհուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող կառույցը, որը մեղադրվում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ - խմբ.) կողմից կատարված ավերածությունները: Այցից հետո Թուրքիային կրկին թույլատրվել է մուտք գործել տվյալների բազա:

Ավելի վաղ Թուրքիան FETÖ-ի անդամ լինելու մեղադրանքով հետապնդման մեջ գտնվող միանգամից 70.000 մարդու անձնական տվյալներ էր մուտքագրել Ինտերպոլի բազա: Միջազգային կազմակերպությունը այդ թիվը չափազանց մեծ էր համարել ու արգելափակել էր բազայում նոր տվյալներ գրանցելու Թուրքիայի հնարավորույթունը:

Նշենք, որ բազայում գրանցված անձիք ցանկացած երկրում հայտնաբերվելու դեպքում նրանց անձնագրերը առգրավվում են, իսկ իրենք միայն ճամփորդական փաստաթղթով ուղարկվում են այն երկիր, որտեղից եկել են: Ուստի այս կերպ գյուլենականներին հայտնաբերելու հնարավորությունը կարևորող Թուրքիան 70.000-անոց ցուցակը վերանայելով կրճատել էր ու հասցրել 2.000-ի: Սակայն անգամ այդ դեպքում Ինտերպոլը չէր հանել Թուրքիայի համար սահմանված արգելքը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը