Աշխարհ

31.07.2017 12:57


Մերկելի կուսակցության փոխնախագահն առաջարկել է դադարեցնել Թուրքիային տրվող ֆինանսավորումը

Մերկելի կուսակցության փոխնախագահն առաջարկել է դադարեցնել Թուրքիային տրվող ֆինանսավորումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած կուսակցության՝ «Քրիստոնեադեմոկրատական միության» (CDU) փոխնախագահ Յուլյա Քլյոքները պահանջել է դադարեցնել եվրաինտեգրման բանակցությունների շրջանակներում Թուրքիային տրամադրվող ֆինանսավորումը:

«CNNTürk»-ի տեղեկացմամբ՝ Քլյոքները մասնավորապես ասել է. «Թուրքիային տրամադրվող միջոցները նախատեսված են իրավական պետության սկզբունքների ապահովման համար, այնինչ Թուրքիայում այս պահին բոլորովին հակառակ գործընթացն է կատարվում: Եվրամիությունը խրախուսում է ոչ թե ժողովրդավարության վերացումը, այլ դրա զարգացումը»:

Քլյոքները կարևորել է նաև Թուրքիա մեկնել ցանկացող գերմանացիներին ուղղված զգուշացումը և գերմանական ընկերությունների կողմից Թուրքիայում կատարվող ներդրումների ու դեպի Թուրքիա արտահանումների շրջանակներում տրամադրվող վարկային երաշխիքների վերանայման որոշումը: Գերմանացի գործիչը տեսակետ է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում առկա լարվածությունը առավել քան մտահոգիչ է, և ընդգծել, որ Թուրքիան դեռևս չի կարող ԵՄ անդամ դառնալ:

Միևնույն ժամանակ CDU փոխնախագահը նշել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը լիովին դադարեցնելը ևս ճիշտ չի լինի: Դա իր բացասական հետևանքները կունենա ինչպես Թուրքիայում ազատազրկված գերմանացիների, այնպես էլ Գերմանիայում ապրող և Թուրքիայի իրենց հարազատներին ազատորեն այցելել ցանկացող թուրքերի համար:

Հիշեցնենք, որ Թուրքիա-ԵՄ անդամակցության բանակցությունները սկսել են 2005թ.: ԵՄ անդամակցությանը պատրաստվելու նպատակով նախատեսված էր 2014-2020թթ. ընթացքում Թուրքիային 4 մլրդ 450 մլն եվրո ֆինանսական օգնություն տրամադրել: Թուրքական կողմի պնդմամբ՝ մինչ օրս ԵՄ-ն Թուրքիային վճարել է այդ գումարի շատ փոքր մասը միայն:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը