Աշխարհ

01.08.2017 14:25


Ադրբեջանն ավելացրել է տեղական արտադրանքների մատակարարումը սեփական բանակին

Ադրբեջանն ավելացրել է տեղական արտադրանքների մատակարարումը սեփական բանակին

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը 2017 թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 1,3 անգամ ավելի շատ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանի ՊՆ-ին և այլ ուժային կառույցներին: razm.info-ն գրում է, որ այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է նախարար Յավեր Ջամալովը. փոխանցում է այդ երկրի ՊԱՆ կայքը:

Հուլիսի 31-ին նախարարությունում ամփոփել են 2017 թ. առաջին կիսամյակը: Ջամալովը նշել է, թե հաշվետու ժամանակահատվածում իրենք յուրացրել են ևս մի քանի տեսակի սարքավորումների արտադրության տեխնոլոգիաներ՝ արտադրատեսակների ընդհանուր թիվը հասցնելով 1200-ի: Սակայն պարզ չէ, թե կոնկրետ ինչ արտադրատեսակների մասին է խոսքը:

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության տարբեր ձեռնարկություններում արտադրում են ոչ միայն պաշտպանական, այլև՝ քաղաքացիական նշանակության տեխնիկա, սարքավորումներ: Ըստ Ջամալովի՝ հաշվետու ժամանակահատվածում թողարկված արտադրանքի 92%-ը ռազմական նշանակության է եղել, իսկ մնացած 8%-ը՝ քաղաքացիական։

Ջամալովն ավելացրել է, որ Ադրբեջանը իր սեփական ռազմական արտադրանքը արտահանում է 10-ից ավել երկրներ։ արտահանվող տեխնիկայի թվում են՝ ռազմամթերք, հրաձգային, հրետանային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա և այլն:

Ադրբեջանի ռազմարդեյունաբերության ղեկավարը չի նշել, թե կոնկրետ որ երկրներին են սպառազինություն վաճառում: Մինչ այս՝ 2016-ին, ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ Կոնգոյին 10 միավոր զրատեխնիկա են վաճառելու: Խոսքը խորհրդային/ռուսաստանյան արտադրության ԲՏՌ-70 զրահափոխադրիչների՝ Ադրբեջանում արդիականացվող տարբերակների մասին է:

Այս խորագրի վերջին նյութերը