Աշխարհ

02.08.2017 17:16


Թուրքիան ու Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքիան ու Կատարը համատեղ զորավարժություն են անցկացնում

Օգոստոսի 1-ին Կատարի տարածքում մեկնարկել են թուրք-կատարյան համատեղ զորավարժությունները:

Այդ նպատակով Թուրքիայի զինված ուժերը հուլիսի 22-ից սկսած տարբեր տեսակի զինատեսակներ են ուղարկել Կատար: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքի՝ զորավարժությանը մասնակցելու է Կատարի թուրքական ռազմաբազայում ծառայություն իրականացնող 214 զինվոր:

Օգտագործվելու է 30-ից ավել զրահապատ մեքենա: Զորավարժությանը մասնակցելու են նաև ռազմածովային ուժեր: Մասնավորապես Կատարի մայրաքաղաք Դոհա է ուղարկվել «Gokova» տեսակի ռազմական ֆրեգատը:

Զորավարժության նպատակն է ավելի արդյունավետ դարձնել Թուրքիայի և Կատարի համատեղ պայքարը՝ ընդդեմ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության:

Նշվում է, որ զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 8-ը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայի կառավարությունը քննարկման էր դրել Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին հարցը։ Ուշագրավ է, որ այս հարցը քննարկման էր դրվել այն ժամանակ, երբ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը, Լիբիան ու Մալդիվյան կղզիները Կատարի հետ խզել էին իրենց դիվանագիտական հարաբերությունները։

Աղբյուրը՝ Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը