Աշխարհ

02.08.2017 23:23


Անկարայում 1 ամսով արգելվել է հանրային միջոցառումների անցկացումը

Անկարայում 1 ամսով արգելվել է հանրային միջոցառումների անցկացումը

Անկարայի նահանգում 1 ամսով արգելվել է ցույցերի, երթերի, նստացույցերի և այլ բնույթի հանրային միջոցառումների անցկացումը:

Պատճառը հացադուլ անող մանկավարժներ Նուրիյե Գյուլմենի և Սեմիհ Օզաքչայի կալանավորման առիթով սպասվելիք բողոքի ակցիաներն են:

Ըստ թուրքական «Gazeteduvar.com» կայքի՝ Անկարայի նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Տեղեկություն է ստացվել, որ արտակարգ դրության շրջանակներում կառավարության ընդունած որոշումների հիման վրա գործից հեռացված Նուրիյե Գյուլմենի և Սեմիհ Օզաքչայի ձերբակալությունն ու կալավանորումը բողոքարկելու նպատակով Անկարայի մարդաշատ վայրերում ու այգիներում հացադուլներ ու նստացույցեր են սկսվելու:

Վերոնշյալ միջոցառումները կարող են խանգարել բնակիչների հանգիստը, քանի որ ներկայիս եղանակային պայմաններում բնակչության զգալի մասը իր հանգիստն անցկացնում է բացօթյա վայրերում: Դրանք կարող են նաև հարմար առիթ դառնալ «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից գործողություններ կազմակերպելու համար: Այդ պատճառով Անկարայի նահանգի ողջ տարածքում 2017 թվականի օգոստոս ամսվա համար արգելվում է հացադուլների, նստացույցերի, հիշատակի միջոցառումների, համերգների և նմանատիպ այլ միջոցառումների անցկացումը»:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հրամանին չենթարկվող քաղաքացիները պատասխաատվության կենթարկվեն արտակարգ դրության մասին օրենքի դրույթներին համապատասխան:

Հիշեցնենք, որ Թուրքիայի համալսարաններից մեկի դասախոս Նուրիյե Գյուլմենը և ուսուցիչ Սեմիհ Օզաքչան աշխատանքը կորցրել էին 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում գործից հեռացված հազարավոր քաղաքացիների հետ միասին:

Օզաքչան և Գյուլմենը իրենց աշխատանքի վերադարձնելու պահանջով Անկարայի մարդու իրավունքների նվիրված հուշարձանի դիմաց նախ նստացույց էին սկսել, ապա՝ անցել հացադուլի:
75 օր հացադուլ անելուց հետո մանկավարժները ձերբակալվել են, ապա՝ կալանավորվել: Վերջինները այժմ գտնվում են Թուրքիայի կալանավայրերից մեկի հիվանդանոցում, որտեղ նույնպես շարունակում են իրենց հացադուլը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը