Աշխարհ

03.08.2017 00:27


Հուլիսին Թուրքիայում 25 լրագրող է ձերբակալվել, 5-ը՝ կալանավորվել

Հուլիսին Թուրքիայում 25 լրագրող է ձերբակալվել, 5-ը՝ կալանավորվել

Թուրքիայում գործող «Ազատ լրագրողներ» նախաձեռնությունը հուլիս ամսվա ընթացքում լրագրողների նկատմամբ իրականացված իրավական գործընթացների ու վերջինների իրավունքների ոտնահարման վերաբերյալ զեկույց է կազմել:

Դիարբեքիրում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ զեկույցի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նախաձեռնության մամուլի խոսնակ Հաքքը Բոլթանը:

Ըստ թուրքական «Gazeteduvar.com.tr» լրատվական կայքի՝ Բոլթանը հաղորդել է, որ հուլիսին Թուրքիայում լրագրողների վրա գործադրված ճնշումներն ու նրանց նկատմամբ իրականացված իրավունքների ոտնահարումներն ավելի շատ են եղել, քան աշխարհի բոլոր երկրներում միասին վերցրած:

Համաձայն կազմված զեկույցի՝ Թուրքիայում խնդրո առարկա ժամանակահատվածում ձերբակալվել է 25 լրագրող, 41 լրագրող ազատազրկման է դատապարտվել, 9-ի նկատմամբ արդարացման վճիռ է կայացվել , 5 լրագրող կալանավորվել է, 6-ի դեմ դատ է բացվել, 3 լրագրող էլ սպանվել է:

Նույն ժամանակահատվածում 5 հեռուստաալիքի հեռարձակման թույլտվությունը է կասեցվել, 3 լրատվական կայքի հասանելիությունն էլ 16 անգամ ժամանակավորապես կասեցվել է:

Բոլթանը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ կալանավորված 5 լրագրողներն էլ գործունեություն են ծավալել երկրի քրդական շրջաններում:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը