Աշխարհ

03.08.2017 20:45


Ռուսաստանը 2 միավոր Ան-26 ինքնաթիռ կնվիրի Ղրղզստանին

Ռուսաստանը 2 միավոր Ան-26 ինքնաթիռ կնվիրի Ղրղզստանին

Ռուսաստանը Ղրղզստանի ՌՕՈւ-ին անհատույց տրամադրելու է 2 միավոր բեռնատար Ան-26 ինքնաթիռ: Ինքնաթիռների հանձման արարողությունը կկայանա Ղրղզստանի ռուսաստանյան «Կանտ» ավիաբազայում՝ օգոստոսի 10-ին: razm.info-ն գրում է, որ այս մասին «ՌԻԱ» լրատվական գործակալությանը հայտնել են Ղրղզստանի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունից:

«Կանտ» ավիաբազան, ՀԱՊԿ երկրների արագ արձագանքման ուժերի համատեղ ավիաբազա է:

Օգոստոսի 10-ին Կանտ ավիաբազայում տեղի է ունենալու նաև ավիացիոն տեխնիկայի տեխնիկական սպասարկման շենքի բացումը, որտեղ վերանորոգվելու են Ղրղզստանի ՌՕՈւ ինքնաթիռները: Արարողությանը մասնակցելու է նաև ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը:

Նշվում է, որ, 2012 թվականին ՌԴ և Ղրղզստանի միջև համաձայնությամբ, Ռուսաստանը Ղրղզստանին պետք է տրամադրի շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմատեխնիկական օժանդակություն: Ղրղզստանին արդեն անհատույց փոխանցվել են զրահապատ մեքենաներ, հրետանային համալիրներ, պահեստամասեր, զինամթերք ևն:

Նշենք նաև, որ հունիսի 20-ին ՌԴ և Ղրղզստանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստանը չեղյալ էր հայտարարել Ղրղզստանի պետական պարտքի մնացորդը:

Ռուսաստանը զինտեխնիկա նվիրում է նաև Սերբիային: Ռուսաստանյան կողմը նախատեսում է մինչ 2017-ի վերջը ավարտել ՄիԳ-29 կործանիչների անվարձահատույց մատակարարումները այդ երկրին:

Ավելի վաղ Սերբիայի վարչապետը հայտնել էր, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց կփոխանցի 6 միավոր ՄիԳ -29 կործանիչ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք:

Այս խորագրի վերջին նյութերը