Աշխարհ

03.08.2017 16:34


Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը

Դոնալդ Թրամփը ստորագրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծը։ razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։

Մինչ այս օրինագիծը հաստատվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։ Օրինագիծը որպես օրենք գործարկելու համար դեռ անհրաժեշտ էր երկրի նախագահի ստորագրությունը։

Օրինագծով պատժամիջոցներ են սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր աջակցում են Իրանի բալիստիկ հրթիռների զարգացման ծրագրին: «Ահաբեկիչներին աջակցելու» մեղադրանքով պատժամիջոցներ են նախատեսվում նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նկատմամբ (ԻՀՊԿ):

ԱՄՆ նախագահը կարող է պատժամիջոցներ սահմանել այն անձանց նկատմամբ, ովքեր կաջակցեն Իրանին կամ Իրանից արգելված սպառազինության (տանկեր, զրահամեքենաներ, մարտական ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ, հրթիռային համակարգեր) մատակարարմանը:

Իրանը օրինագծի ընդունումը միջուկային համաձայնագրի խախատում է համարել և խոստացել համապատասխան ձևով արձագանքել։

-Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիառելու ԱՄՆ հիմնական նպատակը միջուկային համաձայնագիրը վերացնելն, է և մենք այս շարժմանը շատ խելացիորեն կհակազդենք, -հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբաս Արաղչին։

Իրանի արտգործնախարարի խոսնակ Բահրամ Ղասեմին էլ՝ դատապարտելով ԱՄՆ այս քայլը, հայտարարել է, որ շուտով Իրանի կառավարությունը և խորհրդարանը կներկայացնեն ԱՄՆ գործողություններին դիմակայելուն ուղղված քայլերի շարքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեն արտահերթ նիստի ժամանակ հավանություն էր տվել «Տարածաշրջանում ԱՄՆ ահաբեկչական և արկածախնդիր գործողություններին դիմակայելուն» ուղղված օրինագծին։

Օգոստոսի 6-ին կոմիտեն հրավիրելու է մեկ այլ արտահերթ նիստ՝ քննարկելու օրինագծի մանրամասները։ Քննարկվելու են նախագծի հետ կապված առաջարկները, որոնք հաստատվելու դեպքում կավելանան օրինագծին, ինչից հետո օրինագիծը նորից կդրվի քվեարկության և հաստատվելու դեպքում ուժի մեջ կմտնի:

Օրինագծով սահմանվում են ԱՄՆ «ահաբեկչական, ահաբեկիչներին աջակցող, մարդու իրավունքները խախտող գործողություններին» դիմակայելուն ուղղված քայլեր։

Նախատեսվում է նաև երկրի հրթիռային արտադրության զարգացման համար հատկացնել 1000 մլրդ թուման (308 մլն դոլար), ևս 1000 մլրդ թուման պետությունը պարտավորվում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանմանը տրամադրել։

Հիշեցնենք, որ օրերս Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ էր սահմանելնաև ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Պատժամիջոցները սահմանվել էին «Սիմորղ» կրող հրթիռի փորձարկման պատճառով։ Հրթիռի փորձարկումը ԱՄՆ-ն սադրիչ քայլ ու ՄԱԿ-ի 2231 բանաձի խախտում էր համարել։

Այս խորագրի վերջին նյութերը