Աշխարհ

04.08.2017 17:45


Գերմանիայի քաղաքացի թուրք լրագրողի համար 15 տարվա ազատազրկում է պահանջվել

Գերմանիայի քաղաքացի թուրք լրագրողի համար 15 տարվա ազատազրկում է պահանջվել

Թուրքական «Etkin» (ETHA) լրատվական գործակալության թղթակից և թարգմանիչ, Գերմանիայի քաղաքացի Մեշալե Թոլուի դեմ քրգործ է հարուցվել՝ 15 տարվա ազատազրկման պահանջով:

Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թոլուն ձերբակալվել էր ապրիլի 30-ին՝ սեփական տանը, իսկ մայիսի 6-ին կալանավորվել էր՝ «ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» և «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» անելու մեղադրանքով:

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը վարույթ է ընդունել 18 անձի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը, որտեղ ներգրավված է նա Թոլուն: Վերջինիս մասնակցությամբ առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 11-12-ին՝ կալանավորումից վեց ամիս անց:

Մեղադական եզրակացության համաձայն՝ «Մարքսիստ լենինիստ կոմունիստական կուսակցությունը» (ՄԼԿԿ- MLKP) ծրագրել էր մայիսի 1-ին Թաքսիմի հրապարակ դուրս գալ զենքերով, պայթուցիկներով ու մոլոտովի կոկտեյլով զինված: Ուստի ոստիկանությունը նախօրեին ներխուժել է կասկածյալների տները՝ բռնագրավելու համար բոլոր այն զենքերն ու անօրինական բովանդակությամբ պաստառները, որոնք պետք է տարվեին հրապարակ:

«ETHA» -ի թղթակիցը մեղադրվել է նաև 2014թ. Սուփհի Նեջաթ Աղըրնասլըի համար կազմակերպված երթին, Սիրիայում զոհված ՄԼԿԿ զինյալ Իվանա Հոֆֆմանի հուղարկավորությանը, 2014թ. «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության (ՃՍԿ-ESP) կազմակերպած հակակոռուպցիոն ակցիային և ՄԼԿԿ զինյալներ Յելիզ ԷՐբայի ու Շիրին Օթերի հուղարկավորությանը մասնակցելու համար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը