Աշխարհ

07.08.2017 17:13


Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի սահմանին

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի սահմանին

Թուրքիայի ԶՈւ զինտեխնիկա տեղափոխող հերթական շարասյունը հասել է Քիլիս նահանգ՝ Սիրիայի սահմանամերձ գոտի։ razm.info-ն գրում է, որ զինտեխնիկայի նոր խմբաքանակը տեղակայվելու է անմիջապես թուրք-սիրիական սահմանին։ Այս մասին հայտնել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի զինուժը սիրիական սահմանին տեղակայելու համար Քիլիս է ուղարկել ինքնագնաց հրետանային համակարգեր։ 5 միավոր ինքնագնաց հրետանային համակարգերը տեղափոխվել են 6 բեռնատարից բաղկացած շարասյամբ։

Շարասյունը արդեն դուրս է եկել Քիլիս քաղաքից և շարժվել Սիրիայի հետ սահման՝ Գազիանթեփի նահանգի Իսլահիե սահմանային անցակետի մոտ։

Դատելով հրապարակված տեսանյութից՝ խոսքը Թուրքիայում հավաքվող T-155 Fırtına («Ֆըրթընա») ԻՀՀ-ների մասին է։

Իսլահիե անցակետի դիմաց տեղակայված է Սիրիայի Աֆրին շրջանը, որը վերահսկում են Սիրիայի քրդական ուժերը՝ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG)։ Թուրքիան վերջին ամիսներին պարբերաբար Քիլիս և հարակից շրջաններ զինտեխնիկայի նոր խմբաքանակներ է ուղարկում։

Թուրքական կողմը սիրիայի քրդերի կառույցը համարում է ահաբեկչական՝ պարբերաբար հայտարարելով Սիրիայի քրդական ուժերի դեմ ռազմական գործողություն սկսելու իր մտադրության մասին։ Սակայն YPG-ի հետ Սիրիայում համագործակցում է Միացյալ Նահագները, ինչն առայժմ արգելակում է Թուրքիայի գործողությունները։

Այս խորագրի վերջին նյութերը