Աշխարհ

07.08.2017 16:34


Օգոստոսի 4-ին Ադրբեջանը Տավուշի դիմաց «կորցրել է» երկու զինծառայող

Օգոստոսի 4-ին Ադրբեջանը Տավուշի դիմաց «կորցրել է» երկու զինծառայող

Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ, ամենայն հավանականությամբ օգոստոսի 4-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի դիրքերում (ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դիմաց) սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող։

Ադրբեջանի բանակի պայմանագրային զինծառայող, 1986 թ․ ծնված Ահմադով Շահին Շամիստան օղլուի (Əhmədov Şahin Şəmistan oğlu) մահվան մասին հայտնել են նրա համագյուղացիները, հարազատները՝ Աղստաֆայի շրջանի Սադըխլը գյուղից։

Ադրբեջանական ընդդիմադիր MeydanTV լրատվակայքը փոխանցում է Թովուզի շրջանի տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչից ստացած տեղեկությունը, որ Ահմադով Շահինին, ինչպես նաև ժամկետային զինծառայող Մուսաև Վահիդին սպանել են համածառայակիցները։

Նշվում է, որ զինծառայողներին Ադրբեջանի ԶՈւ դիրքերից մեկի կողքով անցնելիս սպանել են համածառայակիցները, այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել ասել «գաղտնաբառը»։

Առայժմ մահվան ստույգ պատճառը չի նշվում, պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տարածվել։ Ըստ ադրբեջանցի օգտատերերից մեկի գրառման՝ զինծառայողը մահացել է Ալիբեյլի գյուղի դիրքերում հերթապահություն իրականացնելիս։

Տարօրինակ զուգադիպությամբ՝ օգոստոսի 4-ին բաց աղբյուրներից հայտնի էր դարձել Ալիբեյլի գյուղի դիրքերում Ադրբեջանի բանակի մեկ այլ զինծառայողի մահվան մասին։ Այդ ժամանակ նշվում էր, որ Մուսաև Վահիդ Վուգար օղլուն (Musayev Vahid Vüqar oğlu) սպանվել է «հայկական կողմի կրակոցից»։ Այս դեպքի կապակցությամբ ևս ադրբեջանական կողմը պաշտոնական տեղեկություն չի տրամադրել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ՀՀ Տավուշի մարզի առաջապահ դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Մեխակի Նազլուխանյանը (ծնվ. 1986 թ.):

Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 42 մահացած զինծառայողի անուն։ Բացի այդ, հայտնի է ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ էին։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը