Աշխարհ

08.08.2017 16:19


Վանի հայկական գերեզմանատանը հանրային զուգարաններ կառուցելու հարցը տեղափոխվել է մեջլիս

Վանի հայկական գերեզմանատանը հանրային զուգարաններ կառուցելու հարցը տեղափոխվել է մեջլիս

Թուրքիայի ընդդիմությունը իշխանություններից բացատրություն է պահանջել Վանի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում հայկական գերեզմանոցի տեղում հանրային զուգարանների և հանդերձարաններ կառուցելու վերաբերյալ: Իշխանությունների այդ գործողությունը խիստ քննադատության է ենթարկվել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Իզմիրի պատգամավոր Մուրաթ Բաքանի կողմից: Վերջինս հարցը տեղափոխել է խորհրդարան:

Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ Բաքանը մշակույթի նախարար Նուման Քուրթուլմուշից ու շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մեհմեթ Օզհասեքից պատասխան ստանալու ակնկալիքով թեմայի վերաբերյալ գրավոր հարցադրում է արել:

Մասնավորապես Քուրթուլմուշին ուղղված հարցադրման մեջ նշված է եղել, թե արդյոք Թուրքիայի մշակույթի նախարարությունը թույլատրե՞լ է զուգարանների կառուցումը մի վայրում, որտեղ գիտնականների գնահատմամբ պատմական արժեք ունեցող գտածոներ կան: Եվ արդյոք հետաքննությո՞ւն է սկսվել տարածքում առկա գանձախույզների, ինչպես նաև այն մարդկանց դեմ, որոնք թույլատրել են զուգարանների կառուցումն այդ վայրում:

Միջանկյալ նշենք, որ այդ տարածքում է գտնվում նաև «Դիլքայա» պատմական բլուրը: Վերջինիս վերաբերյալ Բաքանը հարցադրման մեջ մասնավորապես ասել է.

«Ձեր նախարարությունը Դիլքայա բլուրը պաշտպանելու և այն ապագա սերունդներին փոխանցելու համար ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արտամեդի քաղաքապետարանի հոգաբարձուի հանձնարարությամբ հասարակական լողափի հարևանությամբ գտնվող պատմական բլրի և հայկական գերեզմանոցի վրա զուգարան և հանդերձարաններ են կառուցվել:

Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նշված տարածքում նախկինում հայկական թաղամաս է եղել, որը հայտնի է որպես հանրահայտ հայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդավայր: Թաղամասի հարևանությամբ գտնվող հայկական գերեզմանատունն այսօր անարգվել է, կատարված կառուցապատումների պատճառով բազմաթիվ մարդկային ոսկորներ են դուրս եկել հողից և այս ու այն կողմ ընկել: Գերեզմանոցն ու բլուրը չեն խուսափել նաև գանձախույզների ուշադրությունից. վերջիններս անխնա փորփրել ու ավիրել են տեղանքը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը