Աշխարհ

10.08.2017 12:29


«Սիրիայի Դեմոկրատական ուժեր» խմբավորումը ԻՊ-ից 2 հայ ընտանիքի է ազատագրել

«Սիրիայի Դեմոկրատական ուժեր» խմբավորումը ԻՊ-ից 2 հայ ընտանիքի է ազատագրել

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) ընդդիմադիր դաշինքի զինված ջոկատները Ռաքքայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացրած օպերացիայի 65-րդ օրը, ահաբեկիչների գերությունից 7 քրիստոնյա է ազատագրել:

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթը, հղում անելով քրդական «Արա նյուզ» լրատվական գործակալությանը, հայտնում է, որ ազատագրվածների մեջ կա 2 հայ ընտանիք:

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» մամուլի ծառայությունը հաստատել է վերոնշյալ տեղեկությունը:

Ազատագրված հայ կանանցից մեկը, պատմելով գերության մեջ իրենց կրած զրկանքներից, ասել է, որ ողջ ընթացքում ԻՊ-ը իրենց ստիպել է գլխաշոր կրել՝ մահմեդականներից չտարբերվելու համար:

Իսկ ազատագրվածներից Քարդիջ Քարադջյանը պատմել է, որ իրենք շարունակաբար ստորացվել են, նսեմացվել, քրիտոնյա լինելու պատճառով՝ իրենցից ավելի բարձր հարկեր են գանձել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը