Լրահոս

26.01.2010 09:11


ՀԱԿ մեկնաբանությունները մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ

Հայ Ազգային Կոնգրեսի մեկնաբանությունները 2008 թ. մարտի 1-ի դեպքերի, 10 մահվան հանգամանքների քննության, 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Ազգային Ժողովի Ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունների առիթով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Ջորջ Կոլումբիեյի պատրաստած Տեղեկատվական դիտարկումների վերաբերյալ:

  1. Հայ Ազգային Կոնգրեսը, որը միավորում է 18 ընդդիմադիր կուսակցություն, կազմավորվել է 2008 թ. օգոստոսի 1-ին այն քաղաքական ուժերի ընդգրկմամբ, որոնք 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում սատարել էին Լևոն Տեր-Պետրոսյանին, իր հիմնադիր հռչակագրում որպես ամենակարևոր նպատակներից մեկը հայտարարեց «Միջազգային  փորձագետների նշանակալի մասնակցությամբ մարտի 1-ի ոճրագործության իրապես անկախ քննության իրականացումը»: Կոնգրեսը այժմ էլ վստահ է, որ իրապես անկախ, անկողմնակալ և թափանցիկ քննություն կարող է կատարել միայն իշխանության և ընդդիմության հավասար ներկայացվածությամբ ինչպես նաև միջազգային փորձագետների նշանակալի մասնակցությամբ կազմված իրավասու մի մարմին:
  2. Հայ Ազգային Կոնգրեսը և Ազգային Ժողովում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը, համաձայնեցին մասնակցել 2008թ. հոկտեմբերի 23-ի նախագահական որոշմամբ ստեղծված Փաստահավաք խմբի (այսուհետեւ՝ ՓՀԽ) աշխատանքներին: ՓՀԽ-ն ստեղծվեց իշխող կոալիցիայի և ընդդիմության հավասար ներկայացվածության սկզբունքի հիման վրա, չնայած այդ որոշումը չէր ապահովում ո՛չ ՓՀԽ-ի աշխատանքների թափանցիկությունը, ո՛չ էլ միջազգային փորձագետների ներկայությունը:
  3. ՓՀԽ-ը բավականին արդյունավետ գործեց 2008թ. նոյեմբերից մինչև 2009թ. մայիսն ընկած ժամանակահատվածում: Նրանք 160 գրավոր հարցում ուղարկեցին  տարբեր պետական կառույցների, որոնք առնչվում էին մարտի1-ի դեպքերին: Հարցաքննվեցին ոստիկանության և բանակի 70 սպաներ: ՓՀԽ-ի կողմից ներկայացված քննության նյութերը բաղկացած են հարցաքննությունների 80-ժամյա տեսանյութերից, վկաներից հավաքված, դեպքերին առնչվող ավելի քան 100 տեսաձայնագրություններց, 2600 էջանոց փաստաթղթերից, ներառյալ հարցումները և պաշտոնական պատասխանները:
  4. Իշխանություններն, այնուամենայնիվ, տարբեր ձևերով խոչընդոտեցին ՓՀԽ-ի աշխատանքները, մասնավորապես. պետական բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարվեցին ՓՀԽ-ին վկայություններ տալուց (ամենակարևորը' Պետական ապահովության ծառայության ներկայիս պետ Հայկ Հարությունյանը, ով ՀՀ Ոստիկանապետն էր մարտի 1-ի դեպքերի ժամանակ), թույլ չտրվեց ստուգում անցկացնել ռազմական պահեստներում թեև հիմնավոր  կասկածներ կային, որ 2008թ. մարտի 1-ին այդ պահեստներից համազգեստ է բաժանվել ապօրինի խմբավորումներին: Պաշտպանության նախարարությունը հրաժարվեց պատասխանել այն հարցումներին, որոնք վերաբերում էին բանակային ստորաբաժանումների մասնակցությանը մարտիմեկյան դեպքերին, Ազգային Անվտանգության ծառայությունը հրաժարվեց ներկայացնել իր տրամադրության տակ գտնվող, մարտի 1-ին վերաբերող տեսանյութերը, հրաժարվեց նաեւ տրամադրել փետրվարի 28-29-ին վերաբերող այն օպերատիվ տեղեկատվությունը, որն, ըստ ոստիկանության պնդումների, մարտի 1-ի ոստիկանության գործողությունների ծավալման հիմք էր հանդիսացել: ՓՀԽ-ին թույլ չտրվեց հետազոտել այն փաստական ապացույցները, որ ոստիկանությունը ձեռք էր բերել 2008թ. մարտի 1-ին, ՓՀԽ-ին հրաժարվեցին տրամադրել մարտի 1-ին ոստիկանության կողմից օգտագործված հրաձգային /բալիստիկ/ զենքի քննության հաշվետվությունը: Սկսած 2009 թ. ապրիլի 22-ից բոլոր պետական մարմինները հրաժարվեցին գրավոր պատասխան տալ կատարվող հարցումներին, իսկ մայիսի 5-ից մինչև մայիսի 18-ը թույլ չտրվեց ՓՀԽ-ի ընդդիմադիր անդամների մուտքը նրանց աշխատավայր:
  5. Տարբեր պատճառաբանություններով ընդհատվեցին ՓՀԽ-ի աշխատանքներն անմիջապես այն բանից հետո, երբ վերջինս 2009թ. ապրիլի 22-ին հրապարակեց իր առաջին զեկույցը, իսկ Խումբը վերջնականապես լուծարվեց 2009թ. հունիսի 6-ի նախագահական որոշումով: Զեկույցը հետաքննել էր 2008թ. մայիսի 1-ին ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքները: Հայտնաբերվել էր, որ մահվան հանգամանքների լուրջ իրավական և գործընթացային խախտումներով վարած պաշտոնական հետաքննության նպատակն է է եղել պաշտպանել մահվան հանգամանքների պաշտոնապես ներկայացված տարբերակը, համաձայն որի՝ կապիտանը, իբր, մահացել էր ցուցարարների կողմից նետված նռնակի պայթյունի հետևանքով:
  6. Հայ Ազգային Կոնգրեսը համաձայն չէ իշխանությունների կողմից արված, և, ցավոք, ԵԽԽՎ Համազեկուցողների կողմից ընդունված այն պնդումներին, թե, իբր, ՓՀԽ աշխատանքներն անհնար էին դարձել Խմբի քաղաքականացվածության և նրա անդամների միջև ծագած անհաղթահարելի լարվածության պատճառով: Իրականում Խմբի աշխատանքներն արդյունավետ են եղել մինչև այն պահը, քանի դեռ չէր հրապարակվել վերը նշված առաջին զեկույցը, որով կասկածի տակ էին դրվում դեպքերի պաշտոնական վարկածը: Այդ պահից ի վեր Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, ով ընդդիմության ներկայացուցիչ անդամների հետ միասին ստորագրել էր այդ զեկույցը, դարձավ իշխանությունների կողմից ճնշումների առարկա, ինչի հետեւանքով նա վերջնականապես հեռացավ: Չնայած այն բանին, որ դրան հաջորդեցին նաև իշխող կոալիցիայի երկու ներկայացուցիչների հրաժարականները, ընդդիմության երկու ներկայացուցիչները շարունակեցին իրենց աշխատանքները և 2009թ. հունիսի 4-ին, նախագահական որոշմամբ Խմբի լուծարումից ճիշտ երկու օր առաջ, հրապարակեցին մեկ այլ զեկույց՝ հիմնված ՓՀԽ-ի ձեք բերած փաստերի վրա:
  7. Երկրորդ զեկույցն ամփոփում էր Ոստիկանության Ներքին զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների պաշտոնական քննության նյութերի հետազոտությունը: Այն ընդգրկում է անհերքելի փաստեր, որոնք ապացուցում են, որ Տիգրան Աբգարյանին սկզբում ենթարկել են դաժան ծեծի  և հետո սպանել ընդոհւպ կրակոցներով: Ձեռք բերած փաստերը և դրանց մանրամասն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հատուկ քննչական ծառայությունը միտումնավոր կեղծել է փաստական ապացույցները և թաքցրել ճշմարտությունը, որպեսզի դրանք հարմարեցնի պաշտոնական վարկածին, համաձայն որի՝ 2008թ. մարտի 1-ին ցուցարարներն օգտագործել են հրազեն, և որ հեռու տարածությունից արված այդպիսի մի կրակոցից էլ զոհվել է Ներքին զորքերի զինվորը: Այն փաստը, որ Տիգրան Աբգարյանը ենթարկվել էր բռնության և հետո սպանվել ընդհուպ կրակոցով այն վայրում, որտեղ նա շրջապատված է եղել իր սեփական ջոկատայիններով, հաստատում է մամուլում հրապարակված մեղադրանքները, որ նա, հավանաբար, մահապատժի է ենթարկվել իր իսկ հրամանատարների կողմից:
  8. Չնայած ՓՀԽ-ի կողմից ձեռք բերված նյութերն ուղարկվել էին Մարտի 1- 2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովին, փաստերի այդ հսկայական քանակը պատշաճ կերպով չի ուսումնասիրվել, վերլուծվել և համադրվել:
  9. ԱԺ Հանձնաժողովի՝ 2008թ. մարտի 1-ի դեպքերը նկարագրող տեքստի առավել քան 60 տոկոսը յոթ ընդդիմադիր առաջնորդներին ներկայացված այսպես կոչված «Մայր գործով» դատախազության մեղադրական ակտի սոսկ վերարտադրությունն է:
  10. Ըստ էության Համազեկուցողների զեկույցը հաստատում է, որ Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովը ցուցադրել է կողմնակալ և աչառու վերաբերմունք՝ փորձելով ամեն գնով պաշտպանել 2008թ. մարտի 1-ի դեպքերին առընչվող պաշտոնական վարկածը, անտեսել է փաստացի վկայությունները, խուսափել է իշխանություններին քննադատելուց, դրանով իսկ կասկածի տակ դնելով քննության վստահելիությունը: Այլ կերպ ասած, հանձնաժողովը միտումնովոր աղավաղել է իրականությունը, և դրանով իսկ արժանացել Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նրան ավելի վաղ տրված «Պարտակման հանձնաժողով» կոչմանը:
  11.  «2008թ. փետրվարի 19-ին Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված նախընտրական և հետընտրական զարգացումների ուսումնասիրություններ» գլխում, քննարկելով քաղաքական ճգնաժամի պատճառները, Հանձնաժողովն անտեսել է ժողովրդական համատարած դժգոհությունների գլխավոր պատճառները, որոնք հանգեցրել էին տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությանը հանրահավաքներին: Այդ պատճառների թվում են ոստիկանության և հանցավոր խմբավորումների կողմից իրականացվող բռնությունները ընդդիմության համակիրների նկատմամբ, հարկային և մաքսային մարմինների գործադրած ճնշումները ընդդիմությանն աջակից գործարարների նկատմամբ, ընդդիմության համակիրներին աշխատանքից զանգվածաբար հեռացնելը, Հանրային հեռուստատեսության և ռադիոյի արատավոր հակաքարոզչությունը Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, պետական հիմնարկների, բանակի, ոստիկանության, անվտանգության ծառայությունների բացահայտ օգտագործումը իշխանական թեկնածուի օգտին քարոզ իրականացնելու նպատակով, քվեարկության օրը կատարված համատարած ընտրակեղծիքները և ընդդիմության հարյուրավոր վստահված անձանց նկատմամբ բռնությունները - մեղադրանքներ, որ փաստագրված են բազմաթիվ անկախ ուսումնասիրություններով և փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ վերջնական զեկույցով:
  12. Չնայած ժողովրդական մեծածավալ ընդվզմանը, ընդդիմության կազմակերպած և տասը օր տևած շուրջօրյա հանրահավաքները 2008թ. փետրվարի 19-ից մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, իրենց բնույթով խաղաղ էին, ամբողջությամբ կառավարելի, և նույնիսկ գովեստի արժանացան ԵԱՀԿ ամերիկյան պատվիրակության պաշտոնական հայտարարության մեջ՝ «բազմության արդյունավետ կառավարման համար» (2008թ. փետրվարի 29): Հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցերին և երթերին չի արձանագրվել բռնության, անկարգություն կամ հասարակական կարգի խախտման որևէ դեպք: Հակառակ հանձնաժողովի այն պնդումների, թե, իբր, հանրահավաքները կազմակերպված էին օրենքի խախտումով, ոչ մի ընդդիմադիր առաջնորդի կամ ակտիվիստի նկատմամբ չի առաջադրվել ապօրինի հավաքներ կազմակերպելու մեղադրանք:
  13. Հանձնաժողովի զեկույցում տեղ չի գտել որևէ քննադատություն երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը կարգավորելու իշխանությունների վարքագծի նկատմամբ: Հանձնաժողովին չի արձանագրել, որ քաղաքական ճգնաժամը, որը նախագահական ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած կեղծիքների արդյունք էր, և որն այդքան խորը պառակտել էր հասարակությանը, պետք է լուծվեր ոչ թե ոստիկանական գործողություններով, այլ պետք է հարթվեր քաղաքական բանակցությունների միջոցով: Հանձնաժողովը չի անդրադարձել այն փաստին, որ իշխանությունները, մինչ ոստիկանական գործողություններ ծավալելը, ոչ մի քայլ չեն արել ընդդիմության հետ շփման մեջ մտնելու և լուրջ քաղաքական բանակցություններ սկսելու համար: Իսկ երբ ավելի ուշ, մարտի 1-ին, ժամը 14:00-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նման բանակցությունների առաջարկ արվեց ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաներին, այն անմիջապես մերժվեց: Հետագայում, օրվա ընթացքում, երբ բազմության քանակն արագորեն աճում էր, Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ և մի շարք արևմտյան դիվանագետների միջնորդությամբ վերջապես տեղի ունեցան նման բանակցություններ Լևոն Տեր-Պետրոսյանի և այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև՝ իրենց անվտանգության ծառայությունների պետերի միջոցով: Այնուամենայնիվ ժամը 21:00-ին, երբ բանակցությունները դեռ շարունակվում էին, կառավարական անվտանգության ուժերը, առանց որևէ զգուշացման, կրկին հարձակվեցին ցուցարարների վրա: Դա վկայում է, որ, բանակցություն վարելով, կառավարությունը ժամանակ էր շահում վերախմբավորելու, նախապատրաստելու իր անվտանգության ուժերը և ոստիկանությանը կցված հրոսակների խմբերը՝ նոր հարձակումների համար:
  14. Հանձնաժողովի զեկույցի՝ □2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրություններ□ գլխում ոստիկանության գործողությունները ներկայացված են որպես □տեղանքի զննում□, որը հետագայում, իբր, բախվելով ցուցարարների դիմադրությանը վերածվել է □ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման□: Հանձնաժողովը չի անդրադարձել այն հակասություններին և անհամապատասխանություններին, որ գոյություն ունեին պետական պատկան մարմինների պաշտոնական փաստաթղթերում և ոստիկանական պաշտոնյաների վկայություններում: Թեև սկզբնական շրջանի որոշ պաշտոնական փաստաթղթերում ոստիկանական գործողությունները ներկայացված են որպես □ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցում□, սկզբնական շրջանի այլ փաստաթղթերում դրանք նկարագրվում են որպես □օպերատիվ գործողություն՝ ապօրինի զենք և զինամթերք հայտնաբերելու եւ առգրավելու համար□: Քանի որ այս երկու տարբերակներն էլ բացահայտորեն հակասում էին օրենքին, ավելի ուշ իշխանությունները ներկայացրեցին ոստիկանության առաջին գործողությունը որպես □տեղանքի զննություն□: Այս տարբերակը, նույնպես որևէ քննադատության չի դիմանում, քանի որ այսպիսի գործողությունները նախատեսում են գաղտնի դիտարկում ոստիկանության մասնագիտացված սպաների կողմից, բայց ոչ երբեք համազգեստավոր ոստիկանների կամ հատուկ ջոկատայինների ներկայությամբ: Բացի դրանից, չկար ժամանակային տարբերություն □տեղանքի զննության□ և □ապօրինի զանգվածային հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման□ միջև, որն ապացուցում է, որ ուժի օգտագործմամբ ցուցարարների ցրումը նախօրոք պլանավորած էր: Խախտելով օրենքը՝ ոստիկանությունն առանց զգուշացման հարձակվել է ցուցարարների վրա առավոտյան ժամը 6:20-ին, երբ դեռ լույսը չէր բացվել: Հեռուստալրագրողների և ականատեսների կողմից արված բազմաթիվ տեսաձայնագրություններ առգրավվել և ոչնչացվել են ոստիկանության կողմից: Չնայած ՓՀԽ-ը հանձնաժողովին էր ուղարկել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննության տեսագրված նյութեր, ինչպես նաև ոստիկանությանը և այլ պետական պատկան մարմիններին ուղղված գրավոր հարցումները և նրանցից ստացված պատասխանները, այդ նյութերից որևէ մեկը չի ուսումնասիրվել, չի վերլուծվել կամ համադրվել հանձնաժողովի զեկույցում:
  1. Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության և անվտանգության կառույցների գործողությունները, ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանին դե ֆակտո տնային կալանքի տակ պահելը, ընդդիմության մի քանի հայտնի առաջնորդների ձերբակալությունները և բազմության արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ աուդիոսարքավորումների ոչնչացումն ապացուցում են, որ իշխանությունների գործողությունների նպատակն էր ոչնչացնել բազմությունը անհրաժեշտ հսկողության տակ պահելու ընդդիմության կարողությունը և, որ իշխանությունները հետապնդել են խաղաղ ու կազմակերպված հանրահավաքները քաոսի և մասսայական անկարգությունների վերածելու նպատակ: Ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու իշխանությունների վերը նշված անպատրաստակամության հետ մեկտեղ, այս ամենը պարզորեն ցույց է տալիս, որ ճգնաժամի հենց սկզբից երկրի քաղաքական ղեկավարները ցանկացել են ստեղծված ճգնաժամը լուծել ոչ թե բանակցությունների, այլ այն ուժով ճնշելու միջոցով:
  2. ՓՀԽ-ը Հանձնաժողովին է ներկայացրել նաև տեսագրված նյութեր, որոնք ապացուցում են, որ ամենասկզբում մարդիկ հավաքվել են Ֆրանսիական դեսպանատան մոտ այդ ուղղությամբ առաջացող ոստիկանության բռնությամբ ուղեկցվող հետապնդման հետևանքով::
  3. Ոչ մի դատավարություն չի բացահայտել որևէ կապ ընդդիմության և խանութները թալանողների մեջ: Երեք կողոպտիչներ իրենց դատավարության ժամանակ վկայել են, որ իրենք եղել էին Սերժ Սարգսյանի վստահված անձինք: Հանձնաժողովը մեքենաները հրկիզելու և խանութները թալանելու մեղքը գցել էր ընդդիմության վրա՝ առանց որևէ փաստական ապացույցի: Մինչդեռ ոչ ոք չի մեղադրվել կամ դատապարտվել մեքենաներ հրկիզելու համար: ՓՀԽ-ը ներկայացրել էր տեսագրված նյութեր թե՛ մեքենաներ հրկիզելու և թե՛ կողոպուտի վերաբերյալ, բացահայտելով, որ այդ գործողությունները կատարվել են ոստիկանության աչքի առջև, որոնք հանգիստ կանգնած են եղել և չեն միջամտել: Տեսանյութերում որոշ կողոպտիչներ կրում են համազգեստներ: Հանձնաժողովը չի ուսումնասիրել այդ ապացույցները և որևէ կերպ չի անդրադարձել դրանց:
  4. ՓՀԽ-ը ուսումնասիրել է նաև Պաշտպանության նախարարության տեխնիկական սպասարկման ռազմական պահեստից գաղտնազերծված մի փաստաթուղթ, ըստ որի՝ մարտի 1-ին 950 համազգեստ և 140 ռազմական գլխարկ է տրամադրվել հինգ բարձրաստիճան պաշտոնյաների (Վարչապետի անվտանգության ծառայության պետին, փոխվարչապետին, Սյունիքի մարզպետին, Երևանի Կենտրոն համայնքի թաղապետին, Երևանի Էրեբունու թաղապետին) և իշխանություններին մոտ կանգնած չորս մեծահարուստ պատգամավորների: Ընդդիմությունը հաստատում է, որ այդ համազգեստները և գլխարկներն օգտագործվել են անօրինական զինված խմբավորումները հանդերձավորելու համար, որոնց նպատակն է եղել աջակցելու կառավարության անվտանգության ուժերին՝ բողոքի ցույցերն ուժով ճնշելու գործում: ՓՀԽ-ը փորձել է ձեռնարկել պահեստի ստուգում, սակայն նրանց արգելել են մուտք գործել պահեստ՝ խախտելով ՓՀԽ-ի ձևավորման նախագահական որոշման դրույթները: Այնուհետև ՓՀԽ-ի երկու ընդդիմադիր ներկայացուցիչները Հանձնաժողովին են ուղարկել հատուկ զեկույց՝ վերը նշված փաստաթղթի հետազոտման կապակցությամբ: Հանձնաժողովը հրաժարվել է ընդգրկել ՓՀԽ-ի երկու անդամների այդ հատուկ զեկույցը իր հաշվետվություն մեջ:
  5. Հանձնաժողովն անտեսել է բողոքի ցույցերի ճնշման նպատակով բանակի անօրինական ընդգրկման փաստին վերաբերող ապացույցները, որոնք ՓՀԽ-ի կողմից տրամադրվել են նրան: Հայաստանի Սահմանադրությունը խստորեն արգելում է բանակի օգտագործումը ներքին քաղաքական նպատակներով: Ռոբերտ Քոչարյանի հրամանով բանակի վրա են դրվել արտակարգ դրության իրականացման հետ կապված գործառույթներ, թեև դա Սահմանադրության և օրենքի խախտում է: ՓՀԽ-ը փաստեր է հայտնաբերել, որոնք ապացուցում են, որ բանակի զորամիավորումները և ծանր զրահատեխնիկան օգնագործվել է առավոտյան և ավելի ուշ' ոստիկանության գործողություններին աջակցելու նպատակով: Շատ ավելի վաղ, քան հայտարարվել էր արտակարգ դրություն: Վերջերս գաղտնազերծվեց և մամուլում տպագրվեց պաշտպանության նախարարության մի կարգադրություն՝ ստորագրված 2008թ. փետրվարի 23-ին (բանակի երկու պաշտոնյա 2009թ. դեկտեմբերի 26-ին ձերբակալվեցին Հ. 0038 գաղտնի այդ հրամանի արտահոսքի մեղադրանքով), որն ապացուցում է, որ բանակային ստորաբաժանումները ստացել էին հանձնարարություն հավաքվել Երևանում դեռ մարտի 1-ից և արտակարգ դրություն հայտարարելուց շատ առաջ:
  6. Վերը նշված վկայությունը ցույց է տալիս, որ ընդդիմության կողմից կազմակերպված հզոր և խաղաղ հանրահավաքներին բախվելով, իշխանությունները որոշել էին ճնշել այդ բողոքի ցույցերը ուժի գործադրմամբ և այդ նպատակով կատարել էին անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Ուժային գործողություններով իշխանությունները ցանկացել են քաոսի և անկարգության վերածել բողոքի ցույցերը և անգամ բեմականացրել են մեքենաների հրկիզում և խանութների թալան' արտակարգ դրության հայտարարման և ոչ համարժեք ուժի գործադրման համար իրավական և բարոյական հիմքեր ստեղծելու նպատակով:
  7.  Ցուցարարների դեմ կառավարության կողմից մահաբեր զենքի օգտագործումը հետագայում արդարացվեց այն պնդումներով, թե, իբր, ցուցարարները օգտագործել են հրազեն և նռնակներ, որի արդյունքում զոհվել են ոստիկաններ: Հանձնաժողովը անտեսեց այն փաստը, որ այդ արդարացումները չէին հիմնավորված որևէ ապացույցով: Երկու ոստիկանների մահվան հանգամանքների պաշտոնական վարկածները հերքվեցին ՓՀԽ-ի կողմից: Հակառակ իշխանությունների պնդումներին, ո՛չ մի ցուցարարի հրազենի օգտագործման մեղադրանք չի առաջադրվել, ո՛չ մի պարկուճ չի հայտնաբերվել այնտեղ, որտեղ գտնվել են ցուցարարները:
  8. Ո՛չ մի քրեական գործ չի հարուցվել 2008թ. մարտի 1-ի սպանությունների կապակցությամբ: Սպանվածները ճանաչվել են տուժող, իսկ նրան հարազատները' որպես տուժողի իրավահաջորդ միայն դեպքերից 5 ամիս անց և միայն հանրային ճնշումների արդյունքում: Հանցագործության վայրում տեղանքի զննում չի կատարվել, ոչ՛ ոք չի մեղադրվել սպանությունների գործով, ո՛չ ոք չի ճանաչվել որպես կասկածյալ, ո՛չ ոք չի ձերբակալվել կամ դատվել՝ աչնայած այն փաստին, որ սպանություններին ականատես են եղել հարյուրավոր քաղաքացիներ և ոստիկաններ, և չնայած այ փաստին, որ դեպքերի մեծ մասում առկա է տեսագրությունը: 9 զոհերի հարազատները դիմել են գլխավոր դատախազի գրասենյակ՝ բողոքարկելու Հատուկ քննչական վարչության անգործությունը և պահանջել են վարել պատշաճ քննություն: Տեխնիկական պատճառներ առաջ քաշելով, դատախազի գրասենյակը ուշացրել է վերաքննության դիմումի գրանցումը, որից հետո չի նախաձեռնել որևէ քննություն: ՓՀԽ-ի կողմից երկու ոստիկանների և երեք քաղաքացիների  սպանության գործերի քննությունը բացահայտեց քննչական մարմինների բազմաթիվ դիտավորյալ ընթացակարգային և օրենքի խախտումներ, որոնք իրականությունը թաքցնելու ակնհայտ նպատակ են ունեցել:
  9. 2008թ. մարտի 1-ի դեպքերի անկողմնակալ և վստահություն ներշնչող քննություն դեռ պետք է անցկացվի: Հայ Ազգային Կոնգրեսը կարծում է, որ Համազեկուցողների հաշվետվությունում արված առաջարկը, այն է՝ մնացած հարցերն ուղղել ԱԺ Հանձնաժողովին և շարունակել քննությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներգրավմամբ, ոչ համարժեք է: Հանձնաժողովն արդեն ցույց է տվել իր անկարողությունը կամ անպատրաստակամությունը՝ իրականացնելու նման քննություն, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ենթակա է իշխանությունների կողմից ճնշումների, որի ապացույցն էր նրանց ներկայացուցչի պահվածքը ՓՀԽ-ում: Միայն այնպիսի մի մարմին, որը կունենա իշխանությունների և ընդդիմության կողմից հավասար ներկայացվածություն, և, ամենակարևորը, որը կընդգրկի միջազգային փորձագետների, ի վիճակի է իրականացնել այդպիսի քննություն:
  10. Հայ Ազգային Կոնգրեսը ցանկանում է շեշտել, որ չնայած Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը, 10 մարդու սպանությունների քննությունը և հանցագործության պատասխանատուներին պատժելը չափազանց կարևոր են, կան նաև անհետաձգելի քայլեր, որ պետք է անհապաղ կատարվեն՝ լուծելու համար այն խորը քաղաքական ճգնաժամը, որ առաջացել է այդ դեպքերի արդյունքում: Այդ քայլերից ամենառաջնայինն է քաղբանտարկյալների՝ ընդդիմադիր ակտիվիստների, որ ձերբակալվել են Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, անհապաղ ազատ արձակումը: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը չպետք է հանդուրժի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններից մեկում 15 քաղբանտարկյալներ դեռ բանտերում են:

Այս խորագրի վերջին նյութերը