Լրահոս

23.12.2010 14:58


ԼՂՀ խորհրդարանը հավանություն է տվել 2011թ. պետբյուջեին

ԼՂՀ խորհրդարանը հավանություն է տվել 2011թ. պետբյուջեին

ԼՂՀ ԱԺ-ի այսօրվա նիստին ներկա 31 պատգամավորները միաձայն քվեարկել են կառավարության ներկայացրած պետբյուջե-2011 նախագծի օգտին՝ դրանով իսկ ավարտելով հանրապետության հիմնական ֆինանսական փաստաթղթի շուրջ մեկամսյա քննարկումները:

Գալիք տարվա պետբյուջեով ծախսային մաս է սահմանվել 64 մլրդ 714 մլն 200 հազար դրամ գումար: Բյուջեի 60 տոկոսը կուղղվի սոցիալական ծրագրերին:

Պետբյուջեի նախագծի քննարկման ավարտին եզրափակիչ ելույթով հանդես է եկել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

«Բյուջեի նախագծում ներկայացված են սոցիալական ծրագրերի ավելացման, կենսաթոշակների բարձրացման (այն գործում է արդեն նոյեմբեր ամսից), ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ նախատեսվող քայլերը: Շոշափելի բարձրացում է նախատեսվում նաև առողջապահական ոլորտին ուղղվող պետական ծախսերում: ԼՂՀ նախագահի հանձնարարականով' առողջապահական բնագավառը պետք է առաջիկա տարիներին լինի մեր պետության սևեռուն ուշադրության կենտրոնում: Մեկ-երկու տարում ամբողջությամբ կավարտվեն առողջապահական համալիրների շինարարական աշխատանքները(շրջանային հիվանդանոցներ, ծննդատուն, հանրապետական հիվանդանոց): Հիվանդանոցները կհամալրվեն նորագույն սարքավորումներով: Պետք է շարունակաբար բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը և նրանց մասնագիտական պատրաստականության աստիճանը: Այդքանով հանդերձ, հարկ է լուծել ամենակարևոր խնդիրը' երկարացնել մարդու կյանքի միջին տևողությունը:

Բարեփոխումները 2011թ.-ին շարունակվելու են կրթության բնագավառում: Այստեղ բոլոր անհրաժեշտ ծրագրերը կֆինանսավորվեն:

Վերջին տարիներին լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև մշակույթի և սպորտի ասպարեզներում: Պետական ֆինանսավորման ավելացում է նախատեսվում նաև 2011 թվականին: Կստեղծվեն մշակույթի և արվեստի նոր օջախներ, խաղահրապարակներ, սպորտդահլիճներ, պետական ֆինանսական աջակցության ավելացում կհատկացվի մշակույթի եւ սպորտի օջախներին: Այդ ամենը, համոզված ենք, մեր երկրին կբերեն նոր հաջողություններ:

Կշարունակվեն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը' ճանապարհներ, ջրամատակարարում, էլեկտրաֆիկացում և այլն:

Կֆինանասվորվեն այն ծրագրերը, որոնք կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը և կվերականգնեն մեր պատմամշակութային արժեքները։

Հարգելի պատգամավորներ, 2011թվականի մեր հիմնական խնդիրներից մեկն է լինելու զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիրը։ Գալիք տարում նոր բնակարաններ կստանան մոտ հարյուր ընտանիք, իսկ մյուսների համար կսկսվի և 2012 թ.-ին կավարտվի նոր բնակարանների կառուցում»,-իր ելույթում ասել է ԼՂՀ վարչապետը:

Նա նաև ավելացրել է, որ կառավարությունը նպատակային քայլեր է կատարելու Արցախի հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

«Մեզ համար գերակա շահ է մեր երկրի խաղաղությունն ու ազատությունը, ինչի համար ոչինչ չենք խնայելու,-ավելացրել է Ա. Հարությունյանը,-Մենք հաջողություններ ենք ակնկալում արտաքին քաղաքականության բնագավառում: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի հետ համատեղված ջանքերով կարող ենք հասնել ԼՂՀ ճանաչման՝ այդպես լայն հնարավորություն բացելով հանրապետության հետագա զարգացման համար»:

    7or.am

Այս խորագրի վերջին նյութերը