Լրահոս

02.09.2017 14:34


Տունը չմաքրելու համար ծեծել է կնոջը, ով դատարանում ներել է նրան

Տունը չմաքրելու համար ծեծել է կնոջը, ով դատարանում ներել է նրան

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է կնոջը ծեծի ենթարկած ամուսնու գործը՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:

Աշտարակցի 49-ամյա տղամարդը կնոջ հետ վիճաբանել էր՝ տունը չմաքրելու հարցի շուրջ, ինչի ժամանակ է ոտքերով մի քանի հարվածներ էր հասցրել կնոջը, իսկ երբ կինը կռացած է եղել, ոտքով հարվածել է նրա դեմքին ու ոտքին:

Կնոջը պատճառված վնասվածքները գնահատվել էր առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող, իսկ Վրեժ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան և օգոստոսի 18-ին դատաքննություն նշանակվել, սակայն մինչև դատաքննությունն սկսելը, տուժող կինը և նրա ամբաստանյալ ամուսինը հայտարարել են, որ հաշտվել են և միջնորդել են գործի վարույթը կարճել՝ դադարեցնելով ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը:

Միջնորդությանը մեղադրողը չի առարկել, և դատարանը գտել է, որ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ կողմերը հաշտվել են, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:

Իսկ հաշտությունը թույլատրվում է մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի` խորհրդակցական սենյակ հեռանալը:

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը