Լրահոս

26.01.2010 14:29


Եվրամիության խորհրդատվական խմբի ներկայացուցիչը «Ժառանգությունում»

Հունվարի 25-ին «Ժառանգություն» խմբակցությունում հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետությունում ԵՄ խորհրդատվական խմբի անդամ, Ազգային Ժողովի խորհրդատու Էդուարդո դե Լորենցո Օչոան: Հյուրը ներկայացրեց խմբի առաքելությունը Հայաստանում, հիմնական նպատականերն ու անելիքները:

Հանդիպման ընթացքում չշրջանցվեց օրվա կարեւոր զարգացումը. ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մանդատների կասկածի տակ դնելը, որի պատճառ էին հանդիսացել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մեքենայություններն ու ձեռնածությունները' այդ հեղինակավոր կառույցում հայկական պատվիրակության նոր կազմ ձեւավորելիս: Սաֆարյանը ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի 2010թ. հունվարի 13-ի կարգադրությունը, որով ՀՀ օրենքներին ու ԵԽԽՎ կանոնակարգին խստիվ հակասող մեթոդներով ու ձեւով փոփոխություն էր կատարվել Վեհաժողովում' հայկական խորհրդարանական պատվիրակության մշտական անդամների կազմում, եւ «Ժառանգության» ներկայացուցիչը «հաստատվել» էր իբրեւ փոխարինող անդամ: Դրանից հետո խորհրդարանի ղեկավարությունն ու մեծամասնությունը «ֆինանսական միջոցների սղության» պատճառաբանությամբ հանձնարարել էին չֆինանսավորել ընդդիմադիր «Ժառանգության» ներկայացուցիչ, ԵԽԽՎ ժողովրդական կուսակցության խմբի Բյուրոյի, Մոնիթորինգի հանձնաժողովի ու 3 այլ հանձնաժողովների հիմնական անդամ Զարուհի Փոստանջյանի գործուղումն այդ հանձնաժողովների' այս օրերին տեղի ունեցող նիստերին: Չնայած այդ խոչընդոտներին' ԵԽԽՎ «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբի անհապաղ աջակցությամբ ու հրավերով Զարուհի Փոստանջյանը մեկնեց Ստրասբուրգ' իր պատգամավորական պարտականությունները կատարելու: Իսկ ԵԽԽՎ այդ հեղիանակավոր խմբակցությունն էլ կասկածի տակ դրեց հայկական պատվիրակության մանդատները, քանի որ այն կազմավորվել է ԵԽԽՎ կանոնակարգով պարտադիր համարվող արդարության ու խորհրդարանում առկա բոլոր տեսակետների ներկայացվածության սկզբունքների խախտմամբ: Սաֆարյանը խորհրդարանի խոսնակի նման որոշումները լուրջ մարտահրավեր համարեց եւ հույս հայտնեց, որ նման հարցերը նույնպես կներառվեն ԵՄ-Հայաստան օրակարգում, որպեսզի հետագայում էլ  խորհրդարանի խոսնակի անխոհեմ քայլերը հարվածի տակ չդնեն ու վատթարացնեն եվրոպական հեղինակավոր կառույցում Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը եւ անգամ' իրավունքները:

Մինչ «Ժառանգություն» այցելելը, հյուրն ինքն էլ ականատես էր եղել Հայաստանում ԵԽ գրասենյակի առջեւ այս խնդրի կապակցությամբ ընդվզող ցուցարարների բողոքի ակցիային: Նրան հանձնվեցին 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում սպանված ՀՀ քաղաքացիների հարազատների եւ այդ իրադարձությունների արդյունքում ազատազրկված քաղաքական բանտարկյալների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ' կուսակցությանը փոխանցված բազմաթիվ բողոք-դիմումները, եվրոպական կառույցների ղեկավարությունից պահանջվում է կասեցնել ԱԺ նախագահի հակաօրինական եւ հակաժողովրդավարական կարգադրություն-ակտը:                 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը