Լրահոս

04.09.2017 08:01


Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական նիստն է

Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական նիստն է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարել էր․

«Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել մի հանցագործության մեջ, որը ես չեմ կատարել։ Այն, ինչ ներկայացվում է, ենթադրությունների տեքստ է՝ ստանդարտ։ Խնդիր է դրված, Բաբայանին ձերբակալել, դատել։ Մեղադրականը, որ ես ստացել եմ, ահագին բաներ սուտ է։ Ինձ մեղավոր չեմ ճանաչում, դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են»։

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ ակնարկել էր, որ իրեն առաջադրված մեղադրանքը հեքիաթի ժանրից է․

«Պետք է այդտեղ նաև ավելացնել՝ երկնքից ընկավ երեք խնձոր»։

Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը երեք միջնորդություն էր ներկայացրել՝ վերացնել իր պաշտպանյալի գույքի նկատմամբ կիրառված կալանքը, վերացնել Սամվել Բաբայանի հեռախոսային խոսակցությունների և հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելանքը և փոխել խափանման միջոց կիրառված կալանքը։

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժել էր Սամվել Բաբայանի կալանքը փոխելու և գույքի նկատմամբ կիրառված կալանքը վերացնելու միջնորդությունները, իսկ հեռախոսային խոսակցությունների և հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելանքը վերացրել էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը