Լրահոս

11.09.2017 16:18


Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են «Նաիրիտի» գործարանը

Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են «Նաիրիտի» գործարանը

Օգոստոսի 28-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհի հաջորդ օրը ՀՀ ԱԻ նախարարությունը դիմել էր միջազգային կազմակերպությունների օգնությանը՝ խնդրելով փորձագիտական առաքելություն ուղարկել Հայաստան: ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակի միջոցով (UN OCHA) այդ հայտին պատասխանել են Եվրոպայի արձագանքման համագործակցության կենտրոնը (ERCC), ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDCA)` Հայաստան գործուղելով միջազգային երեք փորձագետ՝

• Ուիլիամ Քրուզ-Մորեյ (Ֆրանսիա, ERCC), Hazmat & CBRN (քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային) ավագ տեխնիական խորհրդատու
• Մելվիանա Հեդեն (Շվեդիա, ERCC), շրջական միջավայրի պահպանության մասնագետ/էկոլոգիական հարցերով ինժեներ, աշխատում է թափոնների կառավարման ոլորտում
• Լոուրեն Նիկոլ (Շվեյցարիա, SDCA), շրջակա միջավայրի և անվտանգության փորձագետ:

Սեպտեմբերի 11-ին փորձագետները ժամանել են Հայաստան և այցելել ՀՀ ԱԻ նախարարություն, որտեղ նրանց ներկայացվել է գործարանի ներկա վիճակն ու առկա խնդիրները: Դրանից հետո նրանք այցելել են «Նաիրիտ» գործարան՝ տեղում ծանոթանալու հրդեհի հետևանքով այրված պահեստարաններին և գործարանի տարածքում պահվող քիմիական նյութերին: «Նաիրիտի» գործադիր տնօրեն Ռ. Սաղաթելյանը փորձագետներին հակիրճ ներկայացրել է գործարանի պատմությունը, հրդեհից հետո ստեղծված իրավիճակը, գործարանի տարածքում պահպանվող նյութերը և դրանց բնութագրերը:

Իրավիճակին նախնական ծանոթացումից հետո փորձագետներին ընդունել է ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանը:

Շնորհակալություն հայտնելով արագ արձագանքի համար՝ ԱԻ նախարարն ընդգծեց, որ հայկական կողմն ակնկալում է ստանալ առկա խնդրի հրատապ ու արդյունավետ լուծման առաջարկներ՝ ապագայում բացառելու համար հնարավոր արտակարգ պատահարները:

Փորձագետները պատրաստակամություն հայտնեցին իրենց փորձն ու գիտելիքն ի սպաս դնել այս խնդրի լուծման համար: Առաջիկա օրերին նրանք կշարունակեն ուսումնասիրությունները (ՀՀ օրենսդրական դաշտ, քիմիական նյութերի և թափոնների պահպանման, դրանց իրացման կամ չեզոքացման հնարավորություններ, մարդկանց և շրջակա միջավայրի համար առկա ռիսկեր և այլն): Առաքելության ավարտին փորձագետները հանդես կգան առաջարկությունների փաթեթով, որը հիմք կհանդիսանա ծրագիր մշակելու համար:

Փորձագիտական խումբը Հայաստանում կաշխատի երկու շաբաթ՝ հետազոտություններում ներգրավելով նաև այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների:

ՀՀ ԱԻՆ

Այս խորագրի վերջին նյութերը