Լրահոս

14.09.2017 20:26


Կրակոցներ Վերնիսաժի հարևանությամբ․ նոր մանրամասներ (տեսանյութ, լուսանկար, լրացված)

Կրակոցներ Վերնիսաժի հարևանությամբ․ նոր մանրամասներ (տեսանյութ, լուսանկար, լրացված)

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com, Վերնիսաժի հարևանությամբ գտնվող «Խարբերդ» ռեստորանային համալիրի մոտ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով կան վիրավորներ, իսկ 1 հոգի այս պահին ընկած է խոտածածկ տարածքում։

***

Ա1+-ը հայտնում է, որ Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ երկար կրակահերթից հետո մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։

Նախնական տվյալներով՝ եւս մեկ հոգի սպանվել է։

***

Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը լրագրողներին հայտնել է, որ կրակոցների հետևանքով վիրավորներից մեկն ու զոհը Լոռու մարզից են: Մահացածը 43-ամյա Գ. Մ-ն է, վիրավոր քաղաքացին 39 տարեկան է:

***

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ չի բացառվում, որ տեղի ունեցածը պատվերով սպանություն լինի և այն շարունակությունն է ամիսներ առաջ Ալավերդի քաղաքում տեղի ունեցած սպանությունների։

***

Հետք-ը գրում է, որ կայանատեղիի ականատես կարգավարի փոխանցմամբ՝ մի տղամարդ «Թուֆենկյան» հյուրանոց մտնելիս է եղել, երբ նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել։ Նա ընկել է գետնին և նրան ուղեկցող թիկնապահները նրան բարձրացրել, դրել են ավտոմեքնան ու հեռացել:

***

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վերնիսաժի մոտ այսօր տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։

Ժամը 13։45-ի սահմաններում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերնիսաժի մոտ հնչել են կրակոցներ, կան տուժածներ։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «AK 74» տեսակի մեկ ինքնաձիգ, «Մակարով» տեսակի մեկ ատրճանակ, պարկուճներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ստեղծվել է քննչական խումբ։

Մշակվել են աշխատանքային վարկածներ և դրանք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, քննության առարկա են դարձվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Արդեն իսկ պարզվել են որոշ հանգամանքներ, սակայն քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին հրապարակման ենթակա չեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը