Լրահոս

27.01.2010 14:53


Գագիկ Մինասյան. «Կանխատեսել էինք 9,2% տնտեսական աճ, սակայն ունեցանք 14,4% անկում»

Գագիկ Մինասյան. «Կանխատեսել էինք 9,2% տնտեսական աճ, սակայն ունեցանք 14,4% անկում»

«Հայացք» ակումբում ամփոփելով 2009թ. արդյունքները՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշել է, որ տարին տնտեսական առումով իսկապես չափազանց ծանր էր։

-Կանխատեսել էինք, որ նախորդ տարվա ընթացքում պետք է ունենանք 9,2% տնտեսական աճ, սակայն ունեցանք 14,4% անկում։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, դեռևս չեն սովորել ճիշտ կանխատեսումներ անել տնտեսական ճգնաժամի պայմաններում,- նշել է նա։

Սա, Գ.Մինասյանի կարծիքով, նաև լուրջ մարտահրավեր էր իշխանություններին, թե ինչ քաղաքականություն պետք է վարել. Ճգնաժամի պայմաններում Հայաստանը գնաց ընդլայնողական տնտեսության ճանապարհով, և պետությունն իր վրա վերցրեց հիմնական պատվիրատուի գործառույթը։ Մշակվեց հակաճգնաժամային ծրագիրը, որը հաջող իրականացվեց։ Դրանց շնորհիվ, նրա խոսքերով, անցյալ տարվա ընթացքում որևէ սոցիալական ծրագիր չկրճատվեց, առաջացան նոր աշխատատեղեր, և հասարակության ճնշող մեծամասնությունը ավելի մեղմ տարավ շատ ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքները, քան եթե այդպիսի ծրագրեր չիրականացվեին։ Դրվեցին նաև հիմքերը, որոնք պետք է ապահովեն ընթացիկ տարում ավելի առաջանցիկ աճի արձանագրումը։

Այդուհանդերձ նա նշել է, որ  արդյունաբերության բնագավառում գրանցվել է բավական մեծ տնտեսական անկում (6,6%), ծառայությունների և գյուղատնտեսության բնագավառում գործնականում անկում չի նկատվել, սակայն շինարարության ոլորտում լրջագույն անկում արձանագրվել (ավելի քան 1,3 անգամ)։

-Հասկանալի դարձավ, որ Հայաստանի տնտեսությունը բավական խոցելի է արտակարգ պայմաններում, ինչի պատճառը տնտեսության պակաս դիվերսիֆիկացիայի աստիճանն է։ Այս տեսանկյունից առաջնային է դիվերսիֆիկացիայի աստիճանի բարձրացումը, ինչի նպատակով որոշում է կայացվել լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել, (100 մլն դոլար Ռուսաստանից), որոնք կուղղվեն տնտեսությանը,- նշել է Գագիկ Մինասյանը։

Այս տեսանկյունից փորձ կարվի աշխուժացնել ադամանդագործության ոլորտը։ Հաջորդ քայլն, ըստ բանախոսի, հետևողական պայքարն է ստվերի դեմ, ինչպես նաև  տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի ավելի խիստ ու ընդլայնված կիրառման ապահովումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը