Լրահոս

27.01.2010 14:59


Մկրտիչ Մինասյանը խոստովանել է, թե ՀՀԿ–ում բոլորը չէ, որ բավարար փորձ և հմտություն ունեն

Մկրտիչ Մինասյանը խոստովանել է, թե ՀՀԿ–ում բոլորը չէ, որ բավարար փորձ և հմտություն ունեն

2009թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամայանը հայտարարել էր, թե քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։

Հունվարի 25-ին էլ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե Հովիկ Աբրահամյանը թերևս նկատի է ունեցել որոշ անձանց, ոչ թե ամբողջ Ազգային ժողովին՝ հավելելով.

-Ես էլ առանձնապես շատ խելք չունեմ, բայց որպես  կուսակցական գործիչ՝ իմ չափով զբաղվում եմ քաղաքականությամբ։

Այսօր, սակայն, «Հայելի» ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան մեկ այլ ՀՀԿ-ական ՝Մկրտիչ Մինասյանը, հայտարարել է, որ անձամբ է զրուցել ԱԺ նախագահի հետ, և նա  այդպես չի ասել։

-Նա ընդամենն ասել է, որ քաղաքականությունում երբեմն հայտնվում են մարդիկ, ովքեր համապատասխան փորձ և հմտություն չունեն,- ասել է Մ. Մինասյանը՝ ավելացնելով, որ փորձն ու հմտությունը տարիների ընթացքում են ձեռք բերվում, երբ մարդիկ կարդում են, աշխատում իրենց վրա։

«7օր»-ի հարցին՝ «ՀՀԿ-ում շա՞տ են այնպիսիները, ովքեր բավարար փորձ և հմտություն չունեն», Մ. Մինասյանն այսպես է պատասխանել.

-Հանրապետական կուսակցության, ֆրակցիայի մեջ բոլորն էլ խելք ունեն։ Փորձ և հմտություն, բնականաբար, բոլորը չէ, որ համապատասխան քանակի և չափի ունեն։

ՀՀԿ պատգամավորը նաև պնդել է, որ անձամբ Հովիկ Աբրահամյանը համապատասխան քանակի փորձ և հմտություն ունի.

-Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ ցանկացած մասնագիտության համար, առավել ևս՝ այնպիսի բարդ մասնագիտության, ինչպիսին քաղաքականությամբ զբաղվելն է, խելք, որոշակի գիտելիքներ, հմտություն, բնականաբար, պետք են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը