Լրահոս

27.01.2010 15:06


Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիին, ով Հայաստանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահ Սարգսյանը ողջունել է արտգործնախարար Մոթթաքիի այցը եւ ասել, որ մեծապես կարեւորում է  հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Դուք  լավ գիտեք, թե մենք ինչպիսի կարեւորություն ենք տալիս Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններին, գիտեք, որ մենք ձեզ ընկալում ենք որպես վստահելի գործընկեր եւ տարածաշրջանում առանցքային նշանակություն ունեցող երկիր: Ուստի, երկկողմ հարաբերությունների զարգացումը, խորացումը բխում է մեր շահերից»,-ասել է նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա բարձր մակարդակի երկխոսության եւ անցկացվող  խորհրդատվությունների կարեւորությունը: □Ուզում եմ առանձնացնել արտաքին գործերի գերատեսչությունների շատ անհրաժեշտ եւ կարեւոր աշխատանքը: Ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցելությունը եւ տպավորված եմ այնտեղ ունեցած հանդիպումներով»,- նշել է Սերժ Սարգսյանը:      

Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ Նախագահ Սարգսյանին փոխանցել ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ողջույնները: Մանուչեհր Մոթթաքին գոհունակություն է հայտնել միջկառավարական հանձնաժողովի երեւանյան նիստում քննարկված խնդիրների ու կայացված որոշումների կապակցությամբ, որոնք ուղղված են երկու երկրների ղեկավարների միջեւ նախկինում ձեռք բերված քաղաքական համաձայնությունների իրագործմանը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է երկու երկրների միջեւ առկա բարեկամական բազմաբովանդակ հարաբերությունները խորացնելու առկա քաղաքական կամքը եւ նշվել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների հարուստ պատմություն եւ զարգացման մեծ հեռանկարներ ունի: Մեր երկրի ղեկավարն ու Իրանի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ «դժվար օրերի բարեկամը նաև հեշտ օրերի լավ բարեկամ է»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախորդ տասնամյակում կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաեւ էներգետիկ, ենթակառուցվածքների եւ այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը, որոնց նպաստակահարմարությունն արդարացված է քաղաքական ու տնտեսական հարթություններում, էապես կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետայսու ընդլայնմանը եւ նոր խթան կհանդիսանա հայ-իրանական բարեկամության խորացման համար: «Նախատեսված խոշորամասշտաբ ծրագրերի իրագործումը էապես կփոխի մեր տնտեսական փոխգործակցության պատկերը»,-ընդգծել է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հայկական նախաձեռնությանը, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հրատապ խնդիրներին, ինչպես նաեւ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել  իրանական կողմին' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերվող հավասարակշռված մոտեցման համար:

Այս խորագրի վերջին նյութերը