Լրահոս

20.09.2017 09:05


Հայկ Խանումյան․ «Տարածք հանձնելուց խոսելը բացարձակ հիմարություն է»

Հայկ Խանումյան․ «Տարածք հանձնելուց խոսելը բացարձակ հիմարություն է»

Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԼՂՀ խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

-Պարո՛ն Խանումյան, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ անդրադառնալով ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին՝ հայտարարել է․ «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը, և ո՞ր տարածքների մասին կարող է լինել խոսքը։

-Կարծում եմ, տարածքների հանձման օգտին խոսող պաշտոնյաները խնդրի մասին թյուր պատկերացումներ ունեն, քանզի եթե քարտեզը լավ իմանային և հասկանային Արցախի այսօրվա սահմանների արժեքը, ապա կհասկանային, որ տարածք հանձնելուց խոսելը բացարձակ հիմարություն է:

Բոլորս տեսանք, թե ինչպես անցյալ տարվա ապրիլին կորցրած մեկ հենակետը թույլ չի տալիս մինչ այսօր տեղահանված մեկ գյուղի վերադառնալ: Իսկ ՀՀ ԱԳ նախարարը խոսում է ոչ թե հենակետերից, այլ ամբողջ տարածքներից, շրջաններից: Եթե Էդվարդ Նալբանդյանի հանձնողական ցանկություններն իրականան, ապա դա Արցախի ամբողջ բնակչությունը կդարձնի խոցելի: Ինչ վերաբերում է անվտանգության հնարավոր միջազգային երաշխիքներին, ապա դա ուղղակի ծաղր է Արցախում բնակվողների նկատմամբ: Գոնե վերջին տասնամյակները լի են բազմաթիվ օրինակներով, երբ միջազգային երաշխիքների պայմաններում ցեղասպանվել են ժողովուրդներ կամ անդամահատվել են պետություններ: Չկա ավելի հզոր երաշխիք, քան Արցախի առնվազն այսօրվա սահմանները, պաշտպանության բանակի անընդհատ հզորացումը և Արցախում բնակչության թվի ավելացումը: Այս բաղադրիչների թուլացմանը նպաստող ցանկացած գործիչ դավաճան է:

-Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կողմ է Կազանյան փաստաթղթին։ Կարելի՞ է ենթադրել, որ խոսքը 7 շրջանների հանձնման մասին է։

-Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարել է նաև 7 շրջանների հանձնման մասին: Բազմիցս նշել եմ, և ևս մեկ անգամ նշեմ, որ նման հայտարարություններն անմիջականորեն հարվածում են Արցախի անվտանգությանը, քանզի թևաթափ են անում բնակչությանը, քաջալերում թշնամուն (Ադրբեջանին), հետ պահում հնարավոր ներդրողներին Արցախում ներդրումներ անելուց, նպաստում արատագաղթին: Իսկ այդ հայտարարությունների իրականություն դառնալու դեպքում Արցախն ուղղակի կվերանա:

-Եթե Հայաստանն, այդուհանդերձ, գնա տարածքներ հանձնելու քայլին, ինչպիսի՞ն կլինի Արցախի ժողովրդի՛ արձագանքը։

-Դժվար է կանխատեսումներ անել, թե ինչպես կլինի հակազդեցությունը: Բայց որ նմանատիպ պայմաններում գոյություն ունի ինքնակազմակերպման մեծ ներուժ և հակազդեցության մեծ հնարավորություն, ես դրանում չեմ կասկածում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը