Լրահոս

27.01.2010 17:17


Բանակի օրվա կապակցությամբ ՌԱՀՀԿ-ն ողջունում է հայոց զինված ուժերին

Հայոց ժամանակակից զինված ուժերի հիմնադրման 18-րդ տարեդարձի' հայկական բանակի օրվա կապակցությամբ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր հայտարարություն տարածեց' ողջունելով այս պանծալի տարեթիվը:

Չնայած հայոց զինված ուժերի նախնական կազմակերպումը սկսվել է 1988թ.-ից եւ այն նպատակով, որ ապահովվեն Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանությունն ու անվտանգությունը, մերօրյա արհեստավարժ հայկական բանակի էվոլյուցիան սերտորեն կապված է նորանկախ Հայաստանի Հանրապետության պետականակերտման ավելի մեծ ջանքերի հետ:

2010թ. հունվարի 28-ը, որն այժմ նշվում է որպես ազգային տոն, հայոց ժամանակակից զինված ուժերի հիմնադրման 18-րդ տարեդարձի օրն է:  1992թ. այս օրը ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստորագրեց հայոց բանակի կազմավորման հրամանագիրը: Նորաստեղծ բանակը գլխավորեց Պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանը, ով մեծ դեր ունեցավ կազմակերպված, ունակ եւ արհեստավարժ զինված ուժերի ձեւավորման գործում:

Եվ շատ նվիրյալների, այդ թվում' հայտնի վետերաններ Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ Նորատ Տեր-Գրիգորյանի աջակցությամբ ու մասնագիտական հմտություններով մեր բանակը' մինչեւ լավ զարգացած եւ կարգապահ հաստատություն դառնալը, հաղթահարեց բազում կարեւոր մարտահրավերներ:

Իրար հաջորդած' Պաշտպանության նախարարներ Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի, Վաղարշակ Հարությունյանի, Միքայել Հարությունյանի եւ ներկայիս նախարար Սեյրան Օհանյանի կողմից տարիների ընթացքում ղեկավարվող կառույցի արդիականացման եւ բարեփոխման լուրջ ջանքերից հետո հայոց զինված ուժերը դեռ շարունակում են զարգանալ:

 

Իսկ վերջերս հայկական բանակը դարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանի գերիշխող զինված ուժ: Բանակային կազմավորումները գնահատելիս' արեւմտյան ռազմական փորձագետներ եւ այլ անկախ վերլուծաբաններ ՀՀ զինված ուժերին հետեւողականորեն դասում են որպես հետխորհրդային ողջ տարածագոտու ամենից արհեստավարժ, մարտունակ եւ պատրաստված բանակը:

Պաշտպանության ներկայիս նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ հայոց զինված ուժերն ավելի են խորացրել պաշտպանության բարեփոխումները եւ դարձել միջազգային խաղաղարար գործողությունների ակտիվ մասնակիցը մասնավորապես Կոսովոյում, Իրաքում, իսկ վերջերս' նաեւ Աֆղանստանում: Հայոց բանակը շարունակում է ՙկոմպլեմենտար՚ քաղաքականությունը' մնալով ե՛ւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), ե՛ւ ՆԱՏՕ-ի' Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրի գործուն անդամ:

Սակայն Հայաստանի պաշտպանական բարեփոխումները ներառել են ավելին, քան սոսկ հնարավոր պատերազմին դիմակայելու ուղղությամբ զինավարժությունները եւ զենք ու զինամթերք հայթայթելը: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ջանքեր է գործադրում' զարգացնելու համար զինված ուժերի մտավոր եւ ֆիզիկական կարողությունները: Ռազմական կրթությունը զարգացնելու նպատակով նախարարությունը հիմնել է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիան, ինչպես նաեւ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի կողմից ղեկավարվող Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ): Գեներալ Քոթանջյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, մեկնարկ է տվել լուրջ մի ծրագրի, որի նպատակն է արդիականացնել եւ համապարփակ դարձնել ռազմական կրթությունը Հայաստանում, եւ այժմ նա ջանքեր է գործադրում, որպեսզի այս ինստիտուտը դառնա լիիրավ Ազգային պաշտպանության համալսարան:

Միաժամանակ հարկ է շարունակել զինված ուժերում կատարվող բարեփոխումները: Բանակի ներքին պայմանները պետք է առավելագույնս բարելավել եւ էլ ավելի գործնական միջոցառումներ ձեռնարկել' կանխելու համար նորակոչիկների հանդեպ կատարվող բռնությունները, մասնավորաբար խորհրդային ժամանակներից ժառանգված дедовщина-ն: Որպեսզի զինված ուժերը պահպանեն իրենց վսեմ առաքելությունն ու հանրակարգային ազնվությունը եւ կայուն հարաբերություններ հաստատվեն բանակի եւ քաղաքացիների միջեւ, պետք է զերծ մնալ քաղաքական միջամտություններից եւ երկրի ներքին քաղաքականության ճգնաժամի դեպքում որեւէ դերակատարություն ունենալուց:

Ընդհանուր առմամբ' Հայաստանն այլեւս ոչ թե սպառող է, այլ միջազգային անվտանգության աջակից: Սակայն հայոց զինված ուժերի ամենանշանակալից ձեռքբերումներից է նրա դերը' որպես ե՛ւ Հայաստանի Հանրապետությունում, ե՛ւ ավելի լայն տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հանրակարգային հիմքի: Ի տարբերություն հարեւան երկրների, Հայաստանը որեւէ հարձակողական սպառնալիք չի ներկայացնում, եւ նրա դիրքորոշումն իր բնույթով շարունակում է մնալ բացառապես պաշտպանողական, որի հիմքում Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու հրամայականն է: Եվ ի տարբերություն Ադրբեջանի, որը ձեռնարկել է պաշտպանության ծախսերի վտանգավոր եւ անպատասխանատու ավելացում, ինչը ոչ միայն սպառնում է տարածաշրջանում ուժերի փխրուն հավասարակշռությանը, այլեւ Հարավային Կովկասում ռազմական մրցավազքին, Հայաստանը հավատարիմ է մնում տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը սրտանց շնորհավորում է հայոց բանակում ծառայող ողջ անձնակազմին եւ ողջունում է բանակային համազգեստ կրող ամեն մի հայի զոհողությունն ու նվիրվածությունը: ՌԱՀՀԿ-ը հարգանքի տուրք է մատուցում բազմաթիվ վետերանների սխրանքին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության, եւ հատկապես այն հերոս նահատակներին, ովքեր գիտակցաբար գնացին ամենամեծ զոհողության' կյանքը նվիրաբերեցին Հայաստանի եւ Ղարաբաղի պաշտպանության գործին:

Այս խորագրի վերջին նյութերը