Լրահոս

27.01.2010 18:18


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի իրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից   թմրամիջոցների ապօրինի  իրացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ   «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալների  պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Գ. Բարսեղյանը 2009թ.  հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին  ապօրինի ձեռք է բերել  զգալի չափի' 5-ական գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, հոգեմետ նյութեր և դրանք իրացրել  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  պատիժ կրող Ա. Թորոսյանին, որի դիմաց  ստացել է 22 000 ՀՀ դրամ  վարձավճար:
2009թ.  նոյեմբեր ամսին  Գ. Բարսեղյանը կրկին անգամ  ապօրինի ձեռք է բերել  ու պահել  խոշոր չափի' 0.0186 գրամ քաշով  բուպրենորֆին, 0.402 գրամ քաշով ացետիլացված ափիոն  և 1.983 գրամ քաշով  մարիխուանա տեսակի թմրամիջոցներ: Ապօրինի ձեռք բերած թմրամիջոցները  նոյեմբերի 25-ին   Գ. Բարսեղյանը թաքցրել է  համազգեստի  փողկապի  մեջ և  Ա. Թորոսյանին իրացնելու նպատակով  փորձել է  փոխադրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածք: Սակայն  ՀՀ ԱԱԾ  աշխատակիցները  նույն պահին  դրանք նրա մոտից հայտնաբերել  և առգրավել են:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա' Գ. Բարսեղյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  266-րդ հոդվածի 2-րդ, 2.1, 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին  մասով:
Ա. Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քրեական գործն  ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական  տարածքների  ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարան' ըստ էության քննելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը